«Սապոգի տակ կընկնի՞, թե ոչ» (տեսանյութ)
Աշխարհում աճում է անկայունությունը, որի գլխավոր պատճառներից մեկը ՌԴ քաղաքականությունն է հետխորհրդային երկրներում ու հատկապես ՀՀ-ում: «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի հանդիպմանը ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս հանդիպմանը պարոն Սարգսյանն ասել էր, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում եւ աճում է լարվածությունն ու անորոշությունը: Քաղաքագետ Մեհրաբյանը նկատում է` Սերժ Սարգսյանի անհանգստությունը ամենայն հավանականությամբ վերաբերում է ՀՀ-ի` ՄՄ-ին միանալու հանգամանքին ու Եվրասիական նիստին տեղի ունեցածին: Ըստ նրա` ՌԴ-ն ՀՀ-ին քարշ է տալիս այդ բռնապետերի ակումբ` վերականգնելու նախկին կայսրությունը. «Գալիս է ճշմարտության պահը. եթե Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, ապա նա երկընտրանք ունի` կամ մեր երկիրը կփրկի սապոգի տակ ընկնելիս կամ ոչ` կգլխավորի այն, երկու դեպքում էլ նա բարդ խնդրի առաջ է: Հիմա Սերժ Սարգսյանն այնպիսի պարտավորությունների տակ է, որտեղ նրան թելադրում են, թե նա ինչ պետք է անի: Իսկ ինչ վերաբերում է կոմունիզացումից մնացած մի զառամյալ մնացուկ Նազարբաեւի այն քայլը, երբ նա ընթերցեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի նամակը, ու որով փորձ էր արվում թելադրել, թե ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը, ապա վերջինս դրանից հետո պետք է բացատրեր, որ ԼՂՀ հարցը նրա մտահոգվելու խնդիրը չէր, ու այդ ֆորմատը ԼՂՀ հարցը լուծելուն միտված չէ` այն լուծվելու է միայն Մինսկի խմբի շրջանակներում»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից ժամկետների տրամադրման խնդրանքին` ՄՄ միանալու հետ կապված, ապա Մեհրաբյանը կարծում է, որ պահն է, երբ ՀՀ-ն պետք է հրաժարվի այս խեղկատակային գործընթացից. «Մենք դեռ մի քանի շաբաթ ժամանակ ունենք հրաժարվելու դրանից, մեզ տրված է այդ հնարավորությունը, ու մենք ունենք դրա բոլոր փաստարկները: ՀՀ-ն այդ միությունից ոչ մի շահ չունի, ավելին` այն հակասում է մեր շահերին, սպառնում է միջազգային մեկուսացում, տնտեսական անկում ու քաղաքական կրախ: ՀՀ-ն մի քայլ կանի կործանվող մի կայսրություն, որը մի մեծ վտանգ է, որի արդյունքում մենք կմնանք նրա փլուզման փլատակներում եւ կսասանենք մեր ինքնուրույնությունը»: