Չորս ուժերը 12 պահանջ են ներկայացնում (տեսանյութ)
Ոչ իշխանական քառյակի հանդիպումն այսօր չորս ժամ է տեւել։ Նիստի ավարտին համբերատար սպասող լրագրողներին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը որոշ տեղեկատվություն է փոխանցել՝ փակագծերը չբացելով։ «Ա1+»-ի լրագրողը խորհրդարանից փոխանցում է, որ պարոն Հակոբյանը նշել է, թե ընդունվել է 12 կետանոց հայտարարություն, որով իշխանություններին ներկայացվում են հրատապ հարցերը լուծելու պահանջներ։ Դրանք վերաբերում են ներքին քաղաքական հարցերին։ Ռուբեն Հակոբյանը մի կետի մասին մի խոսեց՝ ասելով,որ այն վերաբերում է համամասնական ընտրակարգին։ Նա վստահեցրեց, թե որոշ խմբագրական աշխատանքներից հետո հանրությանը կներկայացվի հայտարարությունը։ Մյուս հարցերին պարոն Հակոբյանը խոստացավ պատասխանել առաջիկայում հրավիրվելիք մամլո ասուլիսում։ Այն սպասվում է առաջիկա քառօրյայի ընթացքում։։ Նա միայն շեշտեց, թե հայտարարությունը ընդունվել է բոլորի համաձայնությամբ։ Ինչ վերաբերում է համատեղ հանրահավաքին, այն չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» նախատեսում են անցկացնել աշնանը։