Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում սահմանային անցակետի ուղղությամբ. Ամերիկայի ձայն

Քաղաքականություն
Lugansk

Ուկրաինայում այսօր ռուսաստանամետ զինյալներն ինքնաձիգների և նռնականետների կիրառմամբ հարձակում են գործել երկրի սահմանային անցակետերից մեկի ուղղությամբ: Ուկրաինայի անվտանգության ուժերի համաձայն՝ հարձակումը, որը սկսվել էր վաղ առավոտյան, իրականացվում է Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի հարավային շրջանում: Հաղորդագրության համաձայն, հարձակումից առաջ ռուսաստանամետ անջատողականների մի ստորաբաժանում գրավել էր սահմանային անցակետի մոտակայքում գտնվող բնակելի շենքերի վերին հարկերը, որտեղից էլ բացել էր կրակը: «Հրաձգությունը շարունակվում է առանց դադարների: Մեր կողմից վնասվածքներ է ստացել 8 կամ 9 սահմանապահ: Հարձակվող կողմի վնասները կազմում են հինգ զոհ և 8 վիրավոր» - ասել է Ուկրաինայի սահմանապահ ուժերի ներկայացուցիչ Օլեհ Սլոբոդինը: Ուկրաինայի սահմանապահ ծառայության կողմից տարածված ևս մեկ հաղորդագրության համաձայն, Լուգանսկի սահմանային անցակետի ուղղությամբ հարձակում իրականացնելիս անջատողականներն օգտագործում են դիպուկահարներ, որոնք կրակ են վարում խաղաղ բնակիչների բնակարաններից: Ռուսաստանամետ զինյալները, ըստ հաղորդագրության, թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին հեռանալ անցակետի մոտակայքում գտնվող բնակելի թաղամասից, ինչի հետևանքով Ուկրաինայի սահմանապահները չեն կարողանում պատասխան կրակ բացել: Ուկրաինայի սահմանապահները, բացի այդ, տեղեկացրել են, որ երկրի զինված ուժերը դեռևս չեն եկել օգնության՝ Լուգանսկում սահմանապահների ուղղությամբ իրականացվող հարձակումը հետ մղելու համար:  Ամերիկայի ձայն