Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկել է Սերժ Սարգսյանի ամենակարեւոր քայլը կատարելու ժամանակը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arm140134306529

«Աբսուրդ»։ Այս բառով է հանրապետականի փոխնախագահը բնորոշում Իլհամ Ալիեւի պահանջը եվրասիական միության երկրներից, ըստ որի՝ Հայաստանը պետք է այդ միությանն անդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի։ «Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միասնական տարածք են»,- ասում է Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանը կատեգորիկ չի պնդի, որ Նազարբաեւը Իլհամ Ալիեւի նամակի մասին նախապես տեղյակ չի պահել Սերժ Սարգսյանին։ Եվ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի անդամակցությունը կանխելու հարցով անհանգստացնում է Ղազախստանի գործընկերոջը. «Կանխել բնականաբար չի հաջողվելու, որովհետեւ Ադրբեջանից չէ կախված անդամակցելու խնդիրը»։ Հանրապետականի փոխնախագահը համոզված է, որ մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանը անդամակցության համար բոլոր քայլերը կկատարի եւ 2015-ից կանդամակցի Եվրասիական միությանը։ «Իսկ Ալիեւն ո՞վ է, որ նման նամակով դիմել է միության երեք երկրներին,-զարմանում է հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը,- Բայց նամակ գրելու իրավունք ունի ցանկացած տեղ»։ Պատգամավորը բացառում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ վերահսկիչ կետ տեղադրվի՝ ինչքան Ալիեւն ուզում է թող նամակ գրի, Նազարբաեւն էլ կարդա։ Ուկրաինայի նախագահն էլ կարող է Ղրիմի հարցով նամակ գրի Նազարբաեւին. «Դրան էլ Ռուսաստանը անտարբեր կվերաբերվի»։ Պարոն Բադեյանի համար հարցն այն է, թե ինչու այդ նամակը կարդաց Ղազախստանի նախագահը։ Համարենք, որ լավ արեց, կարդաց. «Կարդաց՝ կարդաց, դրան նույնիսկ պատասխանել պետք չի»։ Իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասում է. «Ի՞նչ պատասխաներ, ասեր ինչի՞ եք Ալիեւին ցիտում, ես եմ ձեզ ասում մի ցիտեք»։ Հրանուշ Հակոբյանը գիտի, որ Սերժ Սարգսյանը գիտեր Իլհամ Ալիեւի նամակի մասին, նախարարը մեր թշնամիներին լավ գիտի։ Ինքը գիտի նաեւ, որ Ղարաբաղը սփյուռք չէ, այլ՝ մեր հայրենիքը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այդ նամակի լույս աշխարհ գալու մեղավորներին փնտրում է Հայաստանում. «Պետք է փնտրել մեր վարած արտաքին քաղաքականության այս շրջանակում»։ Պատգամավորը չի կարող ասել, թե նամակից հետո Հայաստանը պետք է վերանայի իր անդամակցությունը Եվրասիական միությանը, բայց կենթադրի, որ Ղազախստանն այդ նամակն անպատասխան չի թողնի, մի բան պետք է արվի. «Առնվազն հստակ է, որ պետք է հավաստիացում ստանա Ղազախստանը, որ Ղարաբաղը չպետք է մաս կազմի որեւէ կառույցի, որտեղ Հայաստանը պետք է լինի»։ Ինքնաբավարարության ժանրից է «Արցախը մեզ հետ է, մենք էլ Արցախի» միտքը։ Ըստ պատգամավորի, միջազգային ուժերը դա չեն հասկանա։ Բայց եթե նրանք անտեսում են Արցախը, Հայաստանը պետք է իմանա իր անելիքը։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի քանի բառով է գնահատում Աստանայի հռչակավոր նամակը՝ անհարմար վիճակում հայտնվեց Սերժ Սարգսյանը. «Դաս չսովորած աշակերտի կարգավիճակ, ամոթ էր»։ Հետեւաբար, ըստ նրա Սերժ Սարգսյանի համար լավ ժամանակներ են եկել կատարելու իր կյանքի ամենակարեւոր քայլը. «Շատ հարմար ժամանակ է հրաժարական տալ»։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի արտգործնախարարին հրավիրում է Ազգային ժողով՝ թող գա իմանանք, թե ինչպես ծագեց այդ նամակը։ Նազարբաեւն էլ մտածելու եւ ինքն իրեն հաշիվ տալու բաներ ունի՝ ինչու՞ է հյուրընկալող կողմը ցիտում Իլհամ Ալիեւի նամակը. «Ավելին, ոչ միայն ցիտում է, այլեւ հորդորում է մասնակից պետությունների ղեկավարներին չզայրացնել Ադրբեջանի պետության ղեկավարին»։ Նաիրա Զոհրաբյանը մի քանի հարց էլ ունի՝ որտե՞ղ է մեր պետության շահը, եթե Նազարբաեւը հայտարարում է, թե միությունն արտահայտում է հիմնադիր երեք երկրների շահերը. «Ընդհանրապես, ու՞ր ենք գնում, ինչի համար ենք մենք գնում»։ Ի դեպ, տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ ժամանակին հանրապետականները ասոցացման համաձայնագրին չմիանալը պատճառաբանեցին հենց Հայաստան-Ղարաբաղ սահմանին մաքսակետ դնելու անթույլատրելի դրույթով. «Էդ դեպքում հարց է առաջանում՝ սա ընդունելի՞ է, երբ որ հստակ արձանագրվում է, որ Հայաստանը պիտի մտնի այդ տարածք առանց Լեռնային Ղարաբաղի»։