Կյանքի պատ. երեխաները կրակի տակ են (տեսանյութ)
Այգեպարի մանկապարտեզի խաղասենյակում հայտնված հակառակորդի փամփուշտը կարող էր հերթական ողբերգության պատճառ դառնալ սահմանամերձ գյուղի ընտանիքներից մեկի համար: Ինչպես ասում են երեխաններին մանկապարտեզ ուղարկող ծնողները՝ Աստված այս անգամ էլ պահապան եղավ։ Ադրբեջանից եկող կրակոցների ու փամփուշտների վտանգի լրջությունն այստեղ երեխաները նույնիսկ չեն գիտակցում։ Դրանք 5-ամյա Սարգիսի հիմնական խաղալիքներն են դարձել։
Երեխաների անվտանգությունը գոնե ինչ-որ չափով ապահովելու համար այգեպարցիները, ինչպես նաեւ Հայ օգնության ֆոնդն անհրաժեշտ է համարում մանկապարտեզին կից պաշտպանական պատի կառուցումը։
Նախագծով պատը պետք է լինի 3 մետր բարձրությամբ, 70 մետր երկարությամբ։
Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, պաշտպանական պատի շինարարական աշխատանքներին Հայ օգնության ֆոնդն իր «Այո» ծրագրով ցանկանում է մասնակից դարձնել ողջ հայությանը: Այս նպատակով հանգանակություն կիրականացվի նաեւ սփյուռքում։
«Ձեր 500 դրամը կարող է այս երեխաների կյանքը փրկել»,- ասում է ՀՕՖ-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Հելենա Մելքոնյանը։
Իսկ մինչ այդ Այգեպարի մանկապարտեզում երեխաները հակառակորդի նշանառության տակ են։
Լուսանկարը Հելենա Մելքոնյանի