Դ. Միյատովիչն անդրադարձել է Թուրքիայի ՍԴ որոշմանը Youtube-ի վերաբերյալ
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր անդրադարձել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմանը՝ Youtube-ի արգելանքը հանելու մասին։ Մարտի 27-ից Թուրքիայում արգելափակվել էր Youtube-ը, իսկ արգելափակման պատճառը արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությամբ գաղտնի ժողովի ձայնագրության հայտնվելն էր Youtube-ում, որից հետո նա հրահանգեց արգելափակել կայքը։ Մեկ օր առաջ Թուրքիայի Սահմանադրական դատարանը բավարարել է փաստաբանների եւ պատգամավորների՝ Youtube-ի հասանելիության վերաբերյալ հայցերը: Թուրքիայի բարձրագույն դատարանը կայքի արգելափակումը համարել էր խոսքի ազատության ոտնահարում: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նշել է, որ կայքի արգելափակումը Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման դրսեւորում էր, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը մեկ քայլ առաջ է։