Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյան. «ՀՀԿ-ն ու ընդդիմությունը թշնամի չեն»

Քաղաքականություն
setj-sargsyan

ՀՀԿ 15-րդ հերթական համագումարը մեր երկրի կարեւորագույն իրադարձություններից մեկն է: Այսօր իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ իրենց համագումարը բացի ներկուսակցական խնդիրներին անդրադառնալուց, ներկայացնում է նաեւ երկրին վերաբերող խնդիրներ: Նա ընդգծեց, որ նախորդ համագումարից անցել է երկու տարի ու այս ընթացքում կուսակցությունը բյուրեղացել ու ավելի ամրակուռ է դարձել. «Որքան էլ մենք ժամանակի ընթացքում մաքրում ենք մեր շարքերը, միեւնույնն է՝ ՀՀԿ-ն աճում է կայուն տեմպերով: Մեն արդեն սերտ համագործակցություն ունենք «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ եւ մեր կապերը նոր որակ են ստացել»: Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ ներքաղաքական հարցերին՝ նշելով. «Հետաքրքիր խճանկար է ներկայացված քաղաքական կուսակցություններում, որտեղ գրեթե դատարկ տեղեր չկան, ու դա շատ լավ երեւում է ԱԺ-ում: Որքան էլ ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը իրար քննադատեն, միեւնույնն է՝ նրանք թշնամի չեն, որքան էլ նման տպավորություն ստեղծվի հասարակությունում: Դա նման է մարդու ձեռքերին. ինչ կարող է անել աջ ձեռքն առանց ձախի, եթե այն կտրենք:  Մենք ակնկալում ենք քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը»: Նա խոստովանեց, որ ՀՀԿ-ն հաճախ չի կարողացել բավարարել պարզ մարդկանց սպասելինքերը, իսկ բանավեճերն էլ շատ հաճախ եղել են դատարկ լեզվակռիվ. «Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ: Եթե ընդդեմադիրները ընտրություններին կարող են գնալ ոչ էական արդյունքների ակնկալիքներով, իշխող կուսակցությունը նման ճոխություն իրեն չի կարող թույլ տալ: Մենք պետք է ասենք ինչ ենք անում ու ինչու, սակայն դա չպետք է քարոզարշավի վերածվի: Ի դեպ, Կառավարության ծրագրում փոքր –ինչ նվազեցված են տնտեսական աճի տեմպերը. դա էլ իր պատճառաբանությունն ունի»: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա. «Թերացողները արագ փոխարինվելու են, մեր կադրային պահուստն ավելին է, քան ոմանց կարող է թվալ, անփոխարինելի մարդիկ չկան: Մեր քաղաքական համակարգը արդիականացման խնդիր ունի, այն գերանձնավորված ու կենտրոնացված է: Գործադիր իշխանությունը չունի կուռ տրամաբանություն, որը չի նպաստում արդյունավետ կառավարմանն ու ժողովրդի վստահությանը: Անկախ իմ նախասիրություններից, սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են ու դրանք պետք է դարձնել հանրային քննարկման առարկա: Ինչպես գիտեք՝ առաջարկվում է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի: Մարդիկ անցողիկ են, իսկ Սահմանադրությունը սերունդների համար է»: Նա անդրադարձավ նաեւ քաղաքացիական շարժումներին՝ նշելով. «Շատ ոգեւորիչ կոչեր եմ լսում՝ մենք ենք տերը մեր երկրի, հրաշալի կոչ է: Քաղաքացու բողոքը կարելի է վերածնել հասարակական շարժումներին ակտիվ մասնակցելով, ու դրանք կարող են իրացվել նաեւ քաղաքական դաշտում: Ամենագետ ու փրկիչ առաջնորդի կերպարը սին է ու ոչ մի տեղ չի տանում: Առաջընթացի ճանապարհը միավորումն է: ՀՀ-ն հաստատապես այդ ճանապարհով է շարժվում»: Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարի մասնակիցները ողջունեցին հոտնկայս ծափերով։