Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ինչպես եկավ ՀՀԿ համագումարին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
41d5a2bf9d4667380adc54d7db2e91a2

ՀՀԿ 15-րդ հերթական համագումարը մեկնարկեց: Ինչպես հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1808 պատվիրակներից գրանցվել է 1728-ը: Մինչ համգումարի սկսելը՝ ՀՀԿ անդամները հերթով ժամանեցին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որն ամբողջովին պատված էր կուսակցության խորհրդանիշներով:  Համագումարին եկան անգամ ավտուբուսներով: Ժամանեց նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը չցանկացավ խոսել ու որեւէ գնահատական տալ ներկա կառավարության գործունեությանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ, անդարադառնալով Գորիսի քաղաքապետի ընտրություններին, ասաց, որ ամեն ինչ արդեն որոշված է: Իսկ Սյունիքի ներկա մարզպետ Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ որեւէ կանխակալ մոտեցում չունի ընտրություններին ու չունի նախընտրած թեկնածու ու կարծում է, որ ընտրությունները կանցնեն թափանցիկ ու արդար: Նախկին ոստիկանապետ, այժմ՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանն էլ, անդրադառնալով Վերնիսաժի դեպքերին, ասաց, որ ներկա ոստիկանապետն անում է ամեն ինչ ու ինքը դատապարտում  է տեղի ունեցածը: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ ՀՀԿ նախագահի այաօրվա ընտրություններին։ Ըստ նրա՝ այլընտրանք չկա՝ ՀՀԿ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը՝ հաշվի առնելով նրա վաստակը: Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանից փորձեցինք պարզել այն միջադեպի մանրամասները, երբ նա, ըստ մամուլի հրապարակումների, ոչ սթափ վիճակում էր ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանի հետ եկել Կառավարության ծրագրի քվեարկությանը: Նա հերքեց, որ նման բան է եղել, որ ինքը եղել է նորմալ վիճակում: Լրագրողներից  մեկն անգամ փորձեց հարց ուղղել Սերժ Սարգսյանին, երբ նա մտնում էր համալիր, սակայն նրան անվտանգության աշխատակիցներից մեկը կոպտորեն հետ հրեց: