ՀՀԿ-ն գնում է առաջ՝ չնայելով անցյալին (տեսանյութ)
Հովիկ Աբրահամյանի ղեկավարած նոր կառավարության ծրագիրը իր մեջ չի ներառել ամենակարեւոր խնդիրը՝ գործազրկության հարցը։ Այսօր Մեդիա Կենտրոնի նախաձեռնած քննարկմանը հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Հենց այս պատճառով էլ ՕԵԿ-ը չի մասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը.«Նախորդ ծրագրում խոսվում էր 100 հազար աշխատատեղերի մասին, այս ծրագրում չկա այդ հարցը։ Մեր հարցմանը կառավարությունը պատասխանեց, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծող չի»։ Իշխանության ներկայացուցիչ, ՀՀԿ պատգմավոր Հովհաննես Սահակյանը հակադարձեց կոալիցիոն նախկին գործընկերոջը։ «Թվեր գրված չեն նոր կառավարության ծրագրում, բայց նշված են մեխանիզմներ, որով գործարարները կարող են աշխատատեղեր ստեղծել»,-ասաց պատգամավորը։ ՀԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, չի մասնակցել ծրագրի քվեարկությանը։ Խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ իրենք չեն վստահում ոչ ծրագրին, ոչ նորաստեղծ կառավարությանը. «Քանի որ անձի փոփոխությամբ ոչինչի չի փոփոխվում։ Քանի դեռ վերլուծված չէ նախկին կառավարության գործունեությունը, որեւիցե վստահություն չի կարող լինել, որ այս կառավարությունը նոր մոտեցումներ է ունենալու»։ Տիկին Սարգսյանը մեղմ ասած անլուրջ է համարում կառավարության այն պնդումները, թե պատրաստ է պատասխատանվություն կրել երկրում տիրող իրավիճակի համար։ «Մեր երկրում արդեն կարծես ավանդույթ է դարձել, որ ով ինչ ուզում է անում է, եւ ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Նախորդ կառավարությունը ձախողել է։ Մենք ինչպես կարող ենք վստահել, եթե դուք չեք կրում նախկին կառավարության պատասխանատվությունը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը։ Ինչին ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մենք անցյալին չենք նայում եւ գնում ենք առաջ»։ Իսկ Ժառանգության խմբակցությունը նույնիսկ հարկ էլ չի համարել քննարկել կառավարության ծրագիրը։