Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՐՎԱ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻ TOP-10

Սպորտ


Ավանդույթի համաձայն «Ա1+»-ը կազմել է հայկական սպորտում տեղի ունեցած սկանդալների TOP-10-ը: 2008 թվականին եւս քիչ չէին սկանդալային իրադարձությունները հայկական սպորտում:


1. «Ոսկե» հանդիպումը


Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չեմպիոնը որոշեց «ոսկե» խաղում, քանի որ վերջին տուրից հետո «Փյունիկը» եւ «Արարատը» հավասար միավորներ էին վաստակել: Լրացուցիչ հանդիպանը նախորդեցին մի շարք սկանդալային իրադարձություններ, իսկ խաղը անցավ խիստ լարված մթնոլորտում, «Արարատի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, թիմի խաղացող Արտակ Գրիգրոյանը ստացավ կարմիր քարտ: «Արարատը» պարտվեց 1:2 հաշվով, իսկ հանդիպման գլխավոր մրցավարը եւ ՀՖՖ ղեկավարությունը խաղից հետո հայտնվեցին սուր քննադատության տակ, «Արարատը» հերթական անգամ դիմեց միջազգային ատյաններ: Խաղից դժգոհ էին նաեւ հայ ֆուտբոլասերները: Հայաստանի առաջնության հանդիպումները սովորաբար անվճար են, սակայն ոսկե հանդիպմանը համար սահմանվել էին 3-10 հազար դրամ արժողությամբ տոմսեր: Այս մասին քննարկումները շարունակվում են մինչ օրս:


2. Ալեքսանյանին հեռացրին


Հրաժարական տվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Հրաժարականից առաջ ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Ալեքսանյանը այլեւս չի աշխատելու որպես ֆեդերացիայի ղեկավար: Մինչդեռ ըմբշամարտի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, որի ղեկավարը նշանակովի չէ:


3. Թուրքերը չեկան


Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը մեծ իրադարձություն էր 2 պետությունների համար: Սպասվում էր, որ հարեւան երկրից Հայաստանի մայրաքաղաք կժամանեն 2-3 հազար ֆուտբոլասերներ, սակայն խաղից օրեր առաջ թուրքական կողմը հայտարարեց, որ հրաժարվում է իրեն հասանելիք տոմսերից: «Հրազդան» մարզադաշտում հանդիպմանը, այնուամենայնիվ, հետեւեցին մի քանի տասնյակ թուրք ֆուտբոլասերներ:


4. Գողություն Կիպրոսում


Հայ եզրային մրցավարներ Արման Երիցյանն ու Արթուր Իգիթյանը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի հյուրանոցներից մեկի խանութում հունիսին գողություն էին իրականացվել: Ինտերտոտոյի Գավաթի առաջին տուրի «Էթնիկոս» - (Կիպրոս) - «Բեսա» (Ալբանիա) մրցավեճում լինելով մրցավար Կարեն Նալբանդյանի օգնականներ, եզրայինները խանութից ժամացույց էին «թռցրել»: Մրցավարները ընդունեցին իրենց մեղքը, իսկ ՀՖՖ մրցավարական կոմիտեն որոշեց բարոյաէթիկական նորմերը խախտելու եւ Հայաստանի քաղաքացու պատիվը արատավորելու համար Արթուր Իգիթյանին եւ Արման Երիցյանին ընդմիշտ որակազրկել մրցավարական գործունեությունից եւ հեռացնել ՀՖՖ համակարգից:


5. Ընդդիմադիր մրցավարը


Մրցավարների հետ կապված սկանդալները այս տարի, իրոք, շատ էին: Մրցաշրջանի սկզբում ՖԻՖԱ-ի եզրային մրցավար Գեղամ Վարդանյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում զրկեցին խաղեր սպասարկելու իրավունքից: Ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը զայրացրել էր Գեղամ Վարդանյանի ընդիմադիր լինելը: Վարդանյանը հետագայում լքեց Հայաստանը` բնակություն հաստատելով արտասահմանում, որտեղ էլ շարունակում է իր գործունեությունը:


6. Հայաստանն որակազրկվեց


Հայաստանի հոկեյի հավաքականները մեկ տարով որակազրկվեցին: Հոկեյի Միջազգային Ֆեդերացիան նման խիստ պատժամիջոցի գնաց` Հայաստանի հավաքականի կազմում հայտնաբերելով խաղացողների, որոնք իրավունք չունեին հանդես գալ ազգային հավաքականում: Բացի այդ Հայաստան-Հունաստան ընտրական մրցավեճում մերոնք, հանդիպման խայտառակ մրցավարությունից դժգոհելով, վիճաբանության մեջ էին մտել: 2009թ. Հայաստանի հավաքականները ընտրական մրցաշարերում ելույթ չեն ունենա:


7. Անլուրջ մոտեցում


Բասկտեբոլի Հայաստանի ֆեդերացիան նոյեմբերին որակազրկեց «Արցախ» ակումբին: «Արցախի» կանանց թիմը հրաժարվել էր ժամանել Արարատ քաղաք մասնակցելու առաջնության 3-րդ տեղի համար մրցավեճին: Հետագայում որակազրկումը հանվեց, երբ հարցին միջամտեց Լեռնային Ղարաբաղի սպորտկոմիտեի ղեկավարը` երաշխավորելով, որ հետագայում նման միջադեպեր չեն գրանցվի:


8. Անկարգություններ Գյումրիում


Հունիսի 21-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի առաջնության «Շիրակ» - «Բանանց» խաղը անցավ բավական լարված մթնոլորտում: Գյումրեցիներն անընդհատ դժգոհել էին հանդիպման գլխավոր մրցավար Կարեն Նալբանդյանի գործողություններից: Մրցավարին հայհոյելու համար հանդիպմանը 36-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր «Շիրակի» փորձառու ֆուտբոլիստ Արարատ Հարությունյանը: Իր անվայել պահվածքի համար Արարատը որակազրկեց 5 խաղով, իսկ «Շիրակը» տուգանվեց 150 հազար դրամով: Էլ ավելի մեծ տուգանք «Շիրակը» մուծեց թիմի պետ Հովհաննես Գեւորգյանի անվայել պահվածքի համար, որը հաշվեհարդարի փորձ էր կատարել մրցավարի նկատմամբ: Այս արարքը «Շիրակի» վրա նստեց 250 հազար դրամ: Բացի այդ «Շիրակը» 150 հազար դրամ տուգանվեց խաղից հետո կարգուկանոն չպահպանելու համար եւ զրկվեց սեփական հարկի տակ առաջիկա 3 հանդիպումները անցկացնելու իրավունքից:


9. Չեմպիոններին անտեսեցին


Դրեզդենում կայացած Օլիմպիադայում Հայաստանի շախմատի հավաքականը հիանալի հաղթանակ տոնեց: Չեմպիոններին Երեւանում դիմավորեցին եւ տեղափոխեցին մարզահամերգային համալիր, որտեղ արդեն սկսվել էր հաղթանակին նվիրված տոնական միջոցառումը: Տոնախմբության ավարտից հետո հայ շախմատիստներին կազմակերպիչները թողել էին համալիրում` մոռանալով նրանց հասցնել տուն: Գրոսմայստերները ստիպված էին սեփական ուժերով հեռանալ: Պատահարը ցույց տվեց, որ տոնական միջոցառումը ընդամենը PR ակցիա էր:


10. Ոստիկանները չներկայացան խաղին


Ֆուտզալի Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Արսենալ Նոր Նորք»-«Թալ Գրիգ» մրցավեճը չկայացավ, քանի որ տանտերերին չէր հաջողվել ապահովել հանդիպման անվտանգությունը: Ավելի կոնկրետ խաղին չէին ներկայացել ոստիկանները, որի պատճառով «Արսենալ Նոր Նորքին» հետագայում տեխնիկական պարտություն գրանցվեց: