Ես լիովին հերքում եմ այդ ապատեղեկատվությունը. ԱԳ նախարարի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին (video)
Support A1+!Ալ Ջազիրա. Դուք շատ հստակ լսեցիք Ադրբեջանի հայտարարությունն առ այն, որ իրենք կանգ չեն առնելու, «քանի դեռ չեն ազատագրել այս տարածքը». իրենք խոսում են լայնամասշտաբ պատերազմի մասին: Դուք համարու՞մ եք, որ գտնվում եք լայնամասշտաբ պատերազմի մեջ:
Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ մենք լսում ենք Ադրբեջանի կողմից, պատերազմի ընտրությունն է: Սա Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցությունների տապալում է՝ ի վնաս խաղաղ գործընթացի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով նախապես ծրագրված լայնածավալ հարձակում է: Այսօր առավոտյան տեղի ունեցածն Ադրբեջանի՝ իր առավելապաշտական դիրքորոշումն ագրեսիվ կերպով առաջ մղելու մտադրությունների ապացույցն է, որը ուղղված է մեր ժողովրդի անվտանգության դեմ: Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը մեր ժողովրդի անվտանգությունն է, և այսօր ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ովքեր հաստատակամ են հակադարձելու այս ագրեսիային՝ իրենց անվտանգությունը, ազատությունը պաշտպանելու համար: Եվ այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ, որն իր ռազմական ներկայությունն ունի Ադրբեջանում, որն ի ցույց է դնում իր միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Սա չափազանց մտահոգիչ է, սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմԱլ Ջազիրա. Նրանց խոսքով՝ այս լարվածությունը դուք եք սկսել: Իրականում նրանք ասում են, որ առաջինը դուք եք հարձակվել ժամը 06:00-ին կամ դրանից մեկ ժամ առաջ:
Զոհրաբ Մնացականյան. Ես լիովին հերքում եմ այդ բացարձակ ապատեղեկատվությունը, որն Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է: Մենք մտադիր չենք իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն լարվածության աճի: Հայաստանը շատ հաստատուն է եղել իր այն դիրքորոշման մեջ, որ լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով, բացառապես փոխզիջման հիման վրա: Մենք չենք անի մի բան, որը կհակասի մեր հռչակած մտադրություններին: Ինչպես ասացի, մեզ համար ամբողջ խնդիրը մեր հայրենակիցների անվտանգությունն է: Նրանք շատ հաստատուն և վճռական են՝ պաշտպանելու իրենց, և Հայաստանը շարունակում է մնալ նրանց անվտանգության վճռական երաշխավորը: Մենք հորդորում ենք Ադրբեջանին վերջ դնել այս ագրեսիային, գալ ողջամտության դաշտ և վերադառնալ խաղաղ գործընթացին:
Ալ Ջազիրա. Արդյո՞ք կարող եք իրականում կանգնեցնել նրանց, եթե նրանք հայտարարում են, որ պատրաստվում են լայնածավալ պատերազմի և ազատագրելու այս տարածքը: Պաշտպանվելու առումով Հայաստանն ի՞նչ դիրքերում է գտնվում:
Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը և իր անվտանգությունը, և Հայաստանը երաշխավորն է այդ ամենի: Ուժի սպառնալիքը բնորոշ է Ադրբեջանի կառավարության և Բաքվի ռեժիմի բառապաշարին, վերջին անգամ այն արտահայտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և նրանք այժմ պարզապես դա արտահայտում են իրենց գործողություններով: Բայցևայնպես, նրանք այս անգամ ևս հետ կշպրտվեն:
Ալ Ջազիրա. Պարոն նախարար, Դուք խոսեցիք բանակցությունների մասին: Ինչպես ե՞ք դա տեսնում, ինչպես կարող է դա տեղի ունենալ: Ո՞վ կլիներ միջնորդը, ինչպե՞ս ետքայլ կարվի անդունից:
Զոհրաբ Մնացականյան. Գոյություն ունի բանակցությունների հաստատված ձևաչափ: Դա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է, որը ներառում է միջնորդների՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա: Մենք բոլոր մակարդակներով մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ: Եվ մենք աշխատում ենք այն ուղիների շուրջ, որոնց միջոցով կարող ենք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հուն՝ բանակցային գործընթացի համար: Մենք հավատարիմ ենք դրան:
Այնուամենայնիվ, սա չպետք է շփոթել Հայաստանի և Արցախի՝ մեզ պաշտպանելու վճռականության հետ թե Լեռնային Ղարաբաղում և թե Հայաստանում: Կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Այս տարիների ընթացքում Բաքվից եկող առավելապաշտական դիրքորոշումը որևէ տեղ չունի բանակցային գործընթացի առաջընթացի համար: Հայաստանի վարչապետը հետևողականորեն պնդել է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրի համար, այն է՝ փոխզիջման վրա հիմնված լուծում, և ոչ թե լուծում, որը բավարարում է միայն մեկ կողմի պահանջները: Վերջինս լիովին մերժված է: Ադրբեջանը երբեք չի փոխադարձել փոխզիջումային լուծման մեր կոչին. նրանք նախընտրում են ռազմական լուծումը, նախընտրում են ագրեսիան: Եվ այն, ինչի ականատեսն ենք լինում հիմա, Ադրբեջանի այս հետողական քաղաքականության դրսևորումն է:
https://a1plus.am/hy/article/380076