Open news feed Close news feed
A A
Video

Մահացավ մի մարդ, որը կարող էր Էսկիմոսներին էսկիմո վաճառել (video)

Երեւանում ուզում են դնել մի մարդու արձան, ով կողմնակից էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելուն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին, նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «Նա բռնապետության եւ ռեպրեսիաների խորհրդանիշն է»։ Պարոն Իշխանյանի կարծիքով՝ Միկոյանի արձանը դնելով՝ մենք ոչ թե չենք հարգում մեր ցեղասպանությունը, չենք հարգում նաեւ մեր անկախությունը. «Ես անհարմար եմ զգում ներքուստ սրա համար»։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Ավետիք Իշխանյանը հայտնեց, որ այդ քծնանքը ոչինչ չի տա՝ Միկոյանին Ռուսաստանում էլ չեն հարգում։ «Ենթագիտակցորեն ենք միգուցե դնում նրա արձանը, որովհետեւ նման է այսօրվա քաղաքական գործիչներին։ Եթե դրվի, ապա պետք է պայթեցնել եւ ամեն օր ձեռքերը կարմիրով ներկել, որ նրա ձեռքերը արյունոտ են։ Մենք դնում ենք բռնապետական հզոր պետության ողորմելի գործչի արձանը»։ Գրող, հրապարակախոս Արտեմ Հարությունյանը համաձայն չէ Ավետիք Իշխանյանի հետ։ Ըստ հրապարակախոսի՝ Միկոյանը մեծություն է բոլոր առումներով. «Անգամ Եվրոպան ունի հրաշալի մի դիտարկում. մահվան ժամանակ եվրոպական թերթերը գրում էին, որ մահացավ մի մարդ, որը կարող էր Էսկիմոսներին էսկիմո պաղպաղակ վաճառել։ Միկոյանը լուրջ մտավորական էր, լուրջ քաղաքագետ, Սովետում մեր ամենամեծ պաշտոնյան։ Զարմանում եմ, որ հարց է առաջանում՝ դնենք արձանը, թե ոչ։ Արձանը պետք է դրվի, որովհետեւ մեծ հայի, մեծ քաղաքական գործչի արձան է, որովհետեւ պատիվ է բերում եւ Հայաստանին եւ Սովետի յուրաքանչյուր քաղաքացու»։ Արտեմ Հարությունյանի կարծիքով՝ դնելով Միկոյանի արձանը, մենք հայ-ռուսական հարաբերություններում մեկ քայլ առաջ ենք անում։