Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

արգելի՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն գնահատում եմ ինձ ընձեռած այս հնարավորությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է եւ մերձավորարեւելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա:

Այս համաժողովի թեմաները հրատապ են: Մենք հայտնվել ենք տեխնոլոգիական հեղափոխության նոր դարաշրջանում՝ ապշեցուցիչ եւ միաժամանակ վտանգավոր, որն արտահայտվում է բեկումնային առաջընթացներով եւ սոցիալ-քաղաքական կյանքի համար սպառնալիքներով: Սոցիալական մեդիայի նշանակությունը չի կարելի  թերագնահատել, քանի որ արհեստական բանականության  օգնությամբ ապատեղեկատվության արագացված տարածումը կարող է սրել լարվածությունը հասարակությունների ներսում եւ մարդկանց միջեւ՝ հրահրելով հակամարտություններ եւ վտանգ ներկայացնելով ժողովրդավարությանը, քաղաքացիական ազատություններին եւ անվտանգությանը: Այս համատեքստում հակամարտությունից տուժած տարածաշրջանները գնալով ավելի խոցելի են դառնում:

Հետեւաբար, այս մարտահրավերները հաղթահարելու համար արդյունավետ քաղաքականություն մշակելը հրամայական է:

Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների:

Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներ աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք իբրեւ ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու եւ սեփական ագրեսիան արդարացնելու համար:

Մեր արեւելյան հարեւանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից:

Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, եւ որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է:

Ապատեղեկատվությունն ու ահաբեկումն օգտագործվել են այս հանդիպման կայացումը կանխելու համար, եւ քանի որ այն չհաջողվեց, փորձ արվեց խեղաթյուրել հանդիպման արդյունքները:

Ի պատասխան վերջին իրադարձություններին` Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում՝ ատելության խոսքի տարածումը եւ Հայաստանի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու նպատակով:

Հայաստանը հաստատակամ է խաղաղության իր հանձնառության մեջ եւ մերժում է պատերազմի ցանկացած դրսեւորում մեր տարածաշրջանում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում:

Մենք հակամարտությունների կարգավորման համար փնտրում ենք խաղաղ լուծումներ եւ պաշտպանում ենք ժողովրդավարական արժեքները՝ համոզված լինելով, որ դրանք զարգացման հիմնաքարերն են: Մենք հուսով ենք, որ մեր եվրոպացի գործընկերների եւ բարեկամների հետ միասին կարող ենք դադարեցնել եվրոպական տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային պատերազմը:

Շնորհակալություն: