Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hunahromeakan
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել Եվրոպայի առաջնությունում

«Բոլորդ գիտեք, որ ունենք երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ մենք դժգոհ չենք արդյունքներից՝ հաշվի առնելով այն, որ առջևում ունենք երկու վարկանիշային մրցաշարեր։ Հավաքականի ելույթը կարելի է գնահատել բավարար», - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն այսպես գնահատեց մեր թիմի ելույթը Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում։

«Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք մեր ըմբիշների պարտությունները մրցումների առաջին օրը հոգեբանական գործոնի հե՞տ էր կապված, քանի որ նրանք հանդիպում էին Ադրբեջանի և Վրաստանի մարզիկների հետ, մասնագետն ասաց։

«Մեզ համար նշանակություն չունի, թե որ երկրի կամ ինչ ազգի ներկայացուցիչ է մրցակիցը։ Այդ օրը մեր ըմբիշները պարզապես զիջում էին իրենց հակառակորդներին, այդ իսկ պատճառով էլ պարտվեցին։ Այլ պատճառ չկա»։

Ինչպես հայտնեց Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, ով Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչն ու հայրն է, իր որդին վնասվածք է ստացել առաջնության ընթացքում, չնայած վստահ հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հինգերորդ անգամ դարձել է չեմպիոն։ 

«Բոլոր մրցակիցները զգալով, որ ոչինչ չեն կարող հակադրել Արթուրին, սկսում են հարվածներ հասցնել, կանոնից դուրս գոտեմարտեր։ Առաջնությունից հետո պարզվեց, որ նրա մոտ ատամնաշարի շարժում է եղել, որի պատճառով բորբոքվել է ծնոտը։ Հիմա զբաղված ենք ատամների բուժմամբ», - ասաց նա։

Մարզիչները հերթական անգամ հաստատեցին, որ Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու են այն ըմբիշները, ովքեր կվաստակեն այդ իրավունքը։ Այս պահին դրանք երկուսն են՝ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Էդուարդ Սահակյանը նշեց վարկանիշային առաջին մրցաշարի մասնակիցների կազմը։ Նրանք են Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը: Այդ մրցաշարը կայանալու է մարտի 19-22-ը, Բուդապեշտում։ Ապրիլի վերջում վարկանիշային ևս մեկ մրցաշար կանցկացվի Բուլղարիայում։