Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Այս Սահմանադրությունը փակուղային է» (տեսանյութ)

«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում․ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները խորագրով» հանրային քննարկման ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ հեղափոխության օրերից ի վեր բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ, գնահատելով որպես շատ կարևոր անցումային շրջան, պահանջ-առաջարկ են ներկայացրել իշխանություններին՝ քաղաքական գնահատական տալու պահանջով։

«Խոսքը նախկինում մեր երկրում տիրած կամ թագավորած պետության զավթման, կոռուպցիայի գնահատականի մասին էր։ Ցավոք մեր բոլոր գրավոր, բանավոր հորդորները իշխանությունները կարևոր չհամարեցին և մինչ օրս չունենք բարձր մակարդակի քաղաքական գնահատական։ Այնպիսի քաղաքական գնահատականի մասին է խոսքը, որը պետք է շոշափեր պետության զավթման բոլոր մեխանիզմները, համակարգը, գործակատարներին»։

Լևոն Բարսեղյանը նշում է, որ փոփոխոթյուններ չիրականացնելու պատճառն այն է, որ իշխանությունը և մասնավորապես՝ օրենսդիր մարմինը, այլ կերպ է գնահատում անցյալը։

«Օրենսդիրի մեծամասնությունը չի գնահատում, որ տեղի է ունեցել պետության զավթում, և դրա գնահատականը կարող է բերել բարեփոխման որակյալ ծրագրերի։ Ես համոզմունք ունեմ, որ ոչ թե եղած Սահմանադրությունը փոփոխել և վերամշակել, այլ նոր Սահմանադրություն մշակել։ Շատ կուզեմ՝ հանրությունը քննարկի նոր Սահմանադրության կարիքը և ոչ թե փոփոխելու, և  ձեռնամուխ լինենք նոր Աահմանադրության մշակմանը»։

Լևոն Բարսեղյանը կարևոր է համարում այն հանգամանքը, որ հանրաքվեն համաժողովրդական պետք է լինի, իսկ  հանրային քննարկումները պետք է տևի մեկ տարի, որպեսզի հանրության բոլոր խավերի ներկայացուցիչները կարողանան ծանոթանան հասկանան առաջադրած խնդիրը։

Արթուր Սաքունցը նշում է, որ տարբեր հարթակներում հաճախ է վիճարկվում է, թե հեղափոխություն եղել է թե ոչ, թե սովորական իշխանափոխություն է։ Նա մանրամասնում է՝  պետք է արձանագրել, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ 5 տոկոս հավաքած ուժի մի մասը 2,5 տոկոսը մեկ տարի հետո համախմբում է ժողովրդին և մեկ տարի առաջ կայուն քաղաքական  մեծամասնությանը «ուղարկում է տուն», իսկ մեկ տարվա մեջ նման արմատական փոփոխությունը, արդեն իսկ հեղափոփոխություն է։

«Արդյո՞ք գործող Սահմանադրությունը տվեց լուծումներ, որ չտվեց։ Աբսուրդ է պառլամենտական մեծամասնության պարագայում փոքրամասնության ներկայացուցչի վարչապետ ընտրվելը։ Սրանք փաստեր են, որ խոսում են սահմանադրության անպիտանության մասին։ Սա մեկ կուսակցության կառավարման մոդելն է ձևակերպած ժողովրդավարական տերմինալոգիայով։ Թավշյա հեղափոխությունը մերժեց ոչ միայն իշխանությանը, այլ նաև Սահմանադրությանը, սա հիմնարար սկզբունք է, որը մենք մոռացության ենք տալիս»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համարում է, որ այստեղ կա իշխանության բացթողումը, քանի որ հնարավոր չէ շարունակել կառավարումը պետության զավթումը ամրագրած Սահմանադրության նորմերով։

 «Այս Սահմանադրությունը փակուղային, ճգնաժամային Սահմանադրություն է։ Եվ դա է պատճառը, որ մենք կարծում ենք, որ Սահմանադրությունը արմատապես պետք է փոխվի։ Կարևոր է ավելի Սահմանադրության ընդունման լեգիտիմությունը։ Ցավոք նախորդ Սահմանադրությունը չի ընդունվել ժողովրդի կողմից որպես լեգիտիմ։ Հետևաբար պետության զավթումը ամրագրող Սահմանադրությունը չի կարող լինել հեղափոխության օրակարգի իրականացմանը նպաստող ինստիտուտ»։