Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Պաշտոնական

ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման գործընթացի խոչընդոտների վերացման ճանապարհային քարտեզը․ Սասնա ծռեր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը

«Արցախյան շարժման 32-րդ տարեդարձի առթիվ հրապարակում ենք ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման գործընթացի ամբողջացման խոչընդոտների վերացման ճանապարհային քարտեզը, որ մշակել է Սասնա Ծռեր համահայկական շարժումը:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Արցախի դե յուրե միացման խոչընդոտների վերացման

(Արցախյան շարժման 32-րդ տարեդարձի առթիվ)
Ճանապարհային քարտեզը հիմնված է Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության հայեցակարգի վրա, ուստի մտահղացված է որպես 1920-21 թթ. Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված Հայաստանի 1-ին Հանրապետության դեօկուպացիայի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու նպատակ հետապնդող ազգային-ազատագրական շարժման գաղափարական-ծրագրային փաստաթուղթ:
Ըստ այդմ՝ Ճանապարհային քարտեզը նախատեսված է լուծելու Հայրենիքի ամբողջական վերատիրացման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և Ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի կերտման համազգային նպատակի իրագործման համար անհրաժեշտ խնդիրներից մեկը՝ Հայաստանի Հանրապետությանը Արցախի ներկայիս ազատագրված տարածքի դե յուրե միացման գործընթացի ամբողջացումը՝ միացման իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտները վերացնելու միջոցով:
Ճանապարհային քարտեզը մերժում է Արցախի արհեստական ու կեղծ անկախությունը և նրա արհեստական ու կեղծ սուբյեկտացումը: Ըստ այդմ՝ Ճանապարհային քարտեզը չի ճանաչում Արցախի արհեստական ու կեղծ անկախության վերաբերյալ ակտերն ու գործողությունները և դրանք համարում է որպես Հայրենիքի վերատիրացման և դեօկուպացիայի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման իրավաքաղաքական հիմքերն ամրագրող ակտերին ու գործողություններին հակասող, ինչպես նաև նրանց իրավական ուժն ու փաստարկումային համակարգը թուլացնող երևույթներ:

ՀՀ-ի դեօկուպացիայի և նրան Արցախի դե յուրե միացման գործընթացի գնահատականը

  1. ՀՀ-ի դեօկուպացիայի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացն սկսվել է 1988 թ. Արցախյան շարժմամբ, որը հետագայում ընդարձակվեց և վերածվեց ԽՍՀՄ-ից ՀՀ-ի անկախացման գործընթացի:
  2. ՀՀ-ի դեօկուպացիայի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում Արցախի ազատագրման ու միացման իրավաքաղաքական հիմքերը ձևավորվել են երկու ժամանակաշրջաններում՝
  • ՀՀ գոյության, նրա տարածքի և սահմանների վերաբերյալ՝ Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակաշրջանում՝ 1918 մայիս – 1920 հունվար ընթացքում՝ ՀՀ-ի, այդ թվում՝ որպես Միացյալ Հայաստանի, հռչակման ու կայացման, 1920 թ. թվականի հունվարի 19-ի ՀՀ միջազգային ճանաչման, ՀՀ սահմանների վերաբերյալ Փարիզի վեհաժողովի՝ 1920 թ. փետրվարի 24-ի որոշման, 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց կատարված մասով առաջացած իրողություններ,
  • 1988-95 թթ.՝ ԽՍՀՄ կազմից Հայաստանի Հանրապետության անկախացման և կայացման ժամանակաշրջանում՝ ՀԽՍՀ-ին ԼՂԻՄ-ի վերամիավորման ակտեր ու գործողություններ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշում, Արցախի տարածքում ՀՀ Գերագույն Խորհրդրի 1990 թ. մայիսի 30-ի ընտրություններ, Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագիր, 1995 թ. հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության նախաբան, Հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիր, ինչպես նաև դրանց կատարված մասով առաջացած իրողություններ:
  1. Հակառակ դրանց՝ զուգահեռաբար նախաձեռնվել է Արցախի անկախացման գործընթաց, այդ թվում՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմամբ և 1991 թ. դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացմամբ և դրանց հաջորդող համապատասխան արտաքին և ներքին քաղաքականությամբ: Այս գործողություններով արցախաբնակ հայությունը և նրա իրավունքը զատվել են համայն հայությունից և նրա իրավունքից ու հակադրվել են դրանց, մինչդեռ հայությունը մեկ միասնական և անբաժանելի ամբողջություն է որպես ազգային առաքելության և մարդու իրավունքների կոլեկտիվ սուբյեկտ:
  2. Այս արհեստական ու կեղծ անկախացման գործընթացի պատճառով ՀՀ տարածքի Արցախյան հատվածում առաջացել են քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական ապօրինի համակարգեր, այդ թվում՝ իրավական ակտեր և ինստիտուտներ, մասնավորապես՝ այսպես կոչված Արցախի Հանրապետության Սահմանադրություն և այլ իրավական ակտեր, դրա պետական կառավարման մարմիններ, քաղաքական ու տնտեսական միավորներ և այլն, իսկ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիները զրկվել են ՀՀ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքից:

ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման խոչընդոտների վերացումը

  1. Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Արցախի տարածքի վրա վերականգնել ՀՀ իրավական ակտերի ու նրա պետական կառավարման համակարգի իրավազորությունը և վերացնել բոլոր արհեստական խոչընդոտները՝ ի դեմս Արցախի իրավական ակտերի և ինստիտուտների:
  2. Դրա համար նախապես անհրաժեշտ է ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել Ստեփանակերտի քրեաօլիգարխիկ ռեժիմին, քանի որ Արցախի արհեստական ու կեղծ անկախությունը նրա իշխանության և կլանային շահերի երաշխավորման հիմքն ու լծակն է: Առանց ռեժիմին հեռացնելու հնարավոր չէ ընտրական մեխանիզմի միջոցով Ստեփանակերտում ստանձնել Արցախի դե յուրե միացման խոչընդոտների վերացման  գործընթացի կառավարումը և ապահովել դրա բարեհաջող ավարտը:
  3. Ռեժիմին հեռացնելուց հետո հարկավոր է ձևավորել հնարավորինս սեղմ կազմ ունեցող Ժամանակավոր կառավարություն՝ Ճանապարհային քարտեզի նպատակներն ու խնդիրները ընդունող քաղաքական և հասարակական միավորումների ու առանձին գործիչների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինն ստանձնելու պատրաստակամությամբ՝ ուղիղ ժողովրդավարության և/կամ այլընտրանքային ընտրությունների մեխանիզմների հնարավոր կիրառման միջոցով:
  4. Ժամանակավոր կառավարությունը 6-ամսյա ժամկետով ստանձնում է գործող Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Նախագահին, Ազգային ժողովին և Կառավարությանը վերապահված լիազորությունները և այդ ընթացքում ՀՀ իշխանության հետ միասին՝ վերջինիս համակարգմամբ, մշակում և իրականացնում են Ճանապարհային քարտեզի՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում Արցախը ՀՀ-ին դե յուրե միացման խոչընդոտների վերացման գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ նպատակների իրագործման և խնդիրների լուծման միջոցառումներ:
  5. ՀՀ իշխանությունը և Արցախի Ժամանակավոր կառավարությունը.
  • ապահովում են Արցախում ներքին կայունությունը, պաշտպանական անվտանգությունը և տնտեսության անխափան աշխատանքը,
  • վերացնում են միացման առաջնային խոչընդոտները (մաքսակետեր, ռոումինգ, ինտերնետ կապի սակագներ և այլն),
  • վերականգնում են ՀՀ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար Արցախի տարածքում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը, որը գործել է մինչև 1990 թ. և որի հիման վրա Արցախի 12 ընտրատարածքներից ընտրվել են ՀՀ Գերագույն խորհրդի 11 պատգամավորներ (Շուշիի ընտրատարածքից պատգամավոր չի ընտրվել, քանի որ այն ընտրությունների ժամանակ բռնազավթված է եղել),
  • Արցախի տարածքի վրա տարածում են ՀՀ Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի (բացի համայնքային իրավական ակտերից) գործողությունը, ինչպես նաև չեղյալ է համարում Արցախի Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը,
  • ՀՀ բոլոր իրավական ակտերը համապատասխանեցնում են Արցախի նկատմամբ ՀՀ լիակատար իրավազորության վիճակին,
  • վերացնում են Արցախի նախագահի, Ազգային ժողովի և կառավարության ինստիտուտները,
  • Արցախի տարածքում կառավարության փոխարեն ստեղծում են մարզպետի ինստիտուտ և մարզպետարան՝ ՀՀ մարզպետների ու մարզպետարանների համեմատությամբ ավելի լայն լիազորություններով՝ մարզային վարչությունների, ծառայությունների և այլ կազմակերպական ձևերով նրանց իրավասության ներքո թողնելով բոլոր պետական մարմինները՝ բացառությամբ դատարանների, դատախազության, ինչպես նաև արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության ոլորտային կառավարման մարմիններից:
  • ՀՀ պետական կառավարման համապատասխան համակարգերի մեջ ինտեգրում են Արցախի տարածքում գործող պետական կառավարման մարմինների գործունեության ոլորտում առկա համակարգերը և վավերականացված են համարում Արցախի տարածքում հաշվառված բոլոր քաղաքացիների իրավունքներն ու արտոնությունները,
  • վերացնում են Արցախի պաշտպանության նախարարությունը՝ որպես իրական գործառույթով չծանրաբեռնված և Պաշտպանության բանակի գործառույթները կրկող համակարգ և գործառույթների ամբողջ համալիրը վերապահում է Պաշտպաության բանակին և այն ձևական-իրավական առումով վերածում է ՀՀ Զինված ուժերի զորամիավորման,
  • Արցախի դատական համակարգը, դատախազությունը, ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն վերացվում են, իսկ դրանց ռեսուրսն օգտագործվում է ՀՀ համապատասխան համակարգերում,
  • ապամենաշնորհացնում են տնտեսությունը, վերացնում են ստվերային տնտեսությունը և երաշխավորում ազատ ձեռներեցությունը,
  • կասեցնում են անիրավ օրենքների գործողությունը, բանկային վաշխառուական տոկոսադրույքները և դրանց մարման գործընթացը,
  • կասեցնում են ապօրինի հանքարդյունաբերությունը և հէկ-աշինությունը, բացահայտում են դրանց իրական սեփականատերերին և պատասխանատվության են ենթարկում մեղավորներին, ինչպես նաև սեփականատերեի հաշվին ստիպում են վերականգնել բնությանը հասցված վնասը,
  • կասեցնում են ոռոգման ջրի վարձի, ճանապարհային երթևեկության տուգանքների և տույժերի, փոքր բիզնեսի հարկերի և տուգանքների ու տույժերի գանձման գործընթացը, ինչպես նաև ներում է դրանց չվճարված գումարները,
  • հայտարարում են ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններից բացի Արցախի քրեական օրենսգրքով սահմանված այլ հանցագործություններ կատարած այն անձանց համաներում, ում նկատմամբ արդեն իրականացվել է քրեական հետապնդում,
  • սկսում են ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վերանայման գործընթաց,
  • մեկնարկում են հանցավոր համագործակցության վերածված նախկին վարչախմբի և նրա արբանյակ կազմակերպությունների պատասխանատվության գործընթաց,
  • հայրենադարձության կոչով դիմում են արտերկրաբնակ հայերին, առաջին հերթին՝ արցախցիներին և մասնագետներին, որ վերադառնան Արցախ և մասնակցեն նրա դե յուրե միացման խոչընդոտների վերացման ու վերաբնակեցման գործընթացին և դրա համար ստեղծում են անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ,
  • մեկնարկում են ազատագրված տարածքները և սահմանամերձ հատվածը հարկային և վարկային արտոնություններով օժտված և կլաստերային տրամաբանությամբ ձևավորվող վարչատնտեսական-պաշտպանական գոտու վերածելու գործընթաց:

 «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն»։