Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Նախարար Ա․Հարությունյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար.

«Բոլորիս շնորհավորում եմ Եվրոպայի առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ: Այս արդյունքը շատ հուսադրող է Օլիմպիական խաղերից առաջ: Վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ հաջողություններ ենք գրանցելու: Տարին օլիմպիական է, այնպես որ՝ տրամադրվում ենք մարտական», - ասել է Արայիկ Հարությունյանը։

Նա ներկաներից հետաքրքրվել է մարզումների և մրցումների ընթացքի, առկա խնդիրների մասին և վստահեցրել, որ ԿԳՄՍ նախարարությունն անելու է անհրաժեշտ բոլոր քայլերը հանրապետությունում ըմբշամարտի զարգացումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար.

«Նախարարությունը չի միջամտելու ֆեդերացիայի ներքին գործընթացներին, միայն աջակցելու և խրախուսելու է լավ արդյունքներ գրանցելու համար», - եզրափակել է Ա. Հարությունյանը:

Ներկաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, անդրադարձել Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին։

Մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և նշել՝ շարունակելու են ամեն ինչ անել Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը դարձել են չեմպիոն, իսկ Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը և Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալակիր: