Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mayor
A A
Հասարակություն

Պահեստազորի մայորը կստանա մոտ 14 միլիոն դրամի փոխհատուցում (տեսանյութ)

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ պաշտպանության և ֆինանսների նախարարությունների բողոքները՝ «Սոցիալական շարժման» համահիմնադիր, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանի գործով  վերաքննիչ դատարանի որոշման դեմ։

«Ա1+»-ի հետ զրույցում Ցոլակ Խաչատրյանն ասաց, որ որոշումները կայացվել են հունվարի 22-ին։ «Սա նախադեպային որոշում է իրենից ներկայացնում և օրենքի միատեսակ կիրառելիության տեսանկյունից այսուհետ նմանատիպ հարցերի առընչությամբ, եթե նույնիսկ մարդիկ դիմեն դատարան, ապա դատարանը պարզապես պարտավորված է լինելու կայացնել նույնատիպ որոշումներ»,- ընդգծեց Խաչատրյանը։

Պահեստազորի մայորի՝ մոտ 14 միլիոն դրամի փոխհատուցում պետք է պետությունն իրեն տրամադրի, և եթե ժամանակին համապատասխան պաշտոնատար անձինք կատարեին օրենքի պահանջները, պետությունը 0,15 տոկոս տուժանք պարտավորված չէր լինի վճարելու, որը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին   Երևանի քաղաքի Վերաքննիչ վարչական դատարանում, դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, «Ցոլակ Խաչատրյանն ընդդեմ Պաշտպանության նախարարության» գործով որոշման համաձայն՝ մերժվել էին Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների բողոքները։

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանում Խաչատրյանը (զորացրվելուց հետո իր պահանջով համապատասխան դրամական փոխհատուցում չստանալուց հետո) վերջնահաշվարկ էր պահանջել Պաշտպանության նախարարությունից․ վճարել ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցում՝ 10 միլիոն երկու հարյուր մեկ հազար երեք հարյուր տասնինը դրամի չափով և դրա վրա հաշվարկվող տուգանքը օրական 0.15 տոկոսի չափով սկսած 24.12.2014թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։

Ըստ կայացրած վճռի՝ դատարանը պարտավորեցրել էր Պաշտպանության նախարարությանը պահեստազորի մայորին տրամադրել 277 օր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում, իսկ մնացածի մասով հայցը մերժել էր։ Նախարարությունները բողոքարկել էին Առաջին ատյանի վճիռը Վերաքննիչ դատարան։

Մանրամասները տեսանյութում