Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հեղափոխությունը ոչ միայն չի ավարտվել, այն կարգին չի էլ  սկսվել․ Տիգրան Խզմալյան (տեսանյութ)

Խորհրդային իշխանության դեմ առաջին ապստամբությունից 99 տարի անց՝  այն իրականացնողների հիշատակն էին հարգում «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչները։ 

1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը կարճաժամկետ, բայց հաղթանակով ավարտվեց։

«Առաջին անգամ  խորհրդային պատմության մեջ որևէ ազգ, որևէ երկիր զինված ապստամբության միջոցով ոչ միայն թոթափեց բոլշևիկյան լուծը, այլ վերականգնեց պետական անկախությունը, ազգային արժանապատվությունը»,- ասում է Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ  Տիգրան Խզմալյանը։

Ներկաները հայտարարությամբ գործող իշխանություններին կոչ են անում  գիտակցել Փետրվարյան ապստամբության առաքելությունը, քանի որ.

«Մենք այսօր ևս կանգնած ենք բոլշևիկյան վարակն արմատախիլ անելու և իրապես անկախ ազգային պետություն կառուցելու հրամայականի առաջ»:

Նրանք նաեւ  համեմատություն են անում Սասնա Ծռերի 2016 թ. հուլիսի 17-ի գործողության հետ։  «Ապստամբությունը կատարեց իր նվազագույն առաջադրանքը՝ կանխելով մերօրյա բոլշևիկների ձեռքով Արցախը և ՀՀ անկախությունը հանձնելու դավաճանական ընթացքը»,-ասվում է  հայտարության մեջ։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ անդրադառնում է ներկա զարգացումներին․

«Մենք  պետք է այս կիսագաղութային վիճակից շատ արագ դուրս գանք, հաղթահարենք այս ամենը , համախմբվենք և հասնենք այն կայունության կետին, որտեղից կսկսվի մեր բնականոն արարչական զարգացումը»։

Իսկ Տիգրան Խզմալյանը պնդում է․ «Հեղափոխությունը ոչ միայն չի ավարտվել, այն կարգին  չի էլ  սկսվել ։ Մենք այստեղ ենք, որ պաշտպանենք առաջին հանրապետության գլխավոր գաղափարը։ Մենք տարբեր մոտեցումներ ունենք հաղթանակի  ճանապարհների մասին, բայց մեզ միավորում է նույնը, ինչ միավորեց ազգային փրկության կոմիտեի հերոսներին»։

Մանրամասները՝  տեսանյութում։