Բացել լրահոսը Փակել լրահոսը
ara-ghazaryan
A A
Հասարակություն

«Այսինքն` Նոր Հայաստանում ասում են՝ այն, ինչ արվել է նախկինում «Ա1+»-ի նկատմամբ, ճի՞շտ է արվել». Արա Ղազարյան․ Aravot.am

Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ կառավարության։ Մարտի 13-ին տեղի կունենա առաջին դատական նիստը:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Արա Ղազարյանը հստակեցրեց՝ պահանջում են, որ նախկինում կայացված վարչական ակտերը, որոշումները ճանաչվեն առոչինչ: Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց. «17 տարի հետո «Ա1+»-ը դիմում է դատարան և ասում, որ այն յոթ մրցույթները, որ պարտվել եմ, դրանցից յուրաքանչյուրով վարչական ակտ է կայացվել, որոշում, որ ես թույլ էի, այդ որոշումները առոչինչ ճանաչեք, քանի որ արդեն նույնիսկ ապացուցման ենթակա չէ՝ հանրորեն հայտնի փաստ է, որ իմ նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք: Մերժումը պայմանավորված է ոչ թե նրանով, որ «Ա1+»-ի մրցութային փաթեթը զիջում էր մրցակիցներին, այլ զուտ նրա լրատվական ծրագրով և անկախ հեռուստաընկերություն լինելու պարագայով: Դա խտրականություն է, դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է ու դրա համար մենք պահանջում ենք ոչ թե անվավեր ճանաչել այդ որոշումները, այլ առոչինչ»:

Արա Ղազարյանը վստահեցրեց՝ նույնիսկ մրցույթից առաջ արդեն խախտվել է օրենքը, «Ա1+»-ի նկատմամբ եղել է դավադրություն: Նա հավաստիացրեց՝ ի սկզբանե որոշվել էր նրան լիցենզիայից զրկել, մրցույթն ընդամենը առիթ էր, գործիք, նույնիսկ մրցույթից առաջ արդեն որոշում է կայացված եղել, որ «Ա1+»-ը պետք է մրցույթում չհաղթի, որ չվերադառնա: Փաստաբանը հիշեցրեց՝ հեռուստաընկերությունը 2002-ին զրկվել էր եթերից, իսկ 2003-ին մասնակցում էր հերթական մրցույթներին և ամեն անգամ պարտվում: Ըստ փաստաբանի՝ պատճառը պարզ էր: Այս առիթով Արա Ղազարյանը մանրամասնեց. «Դրա պատճառն այն էր, որ «Ա1+»-ը հեղինակավոր, բայց անկախ հեռուստաընկերություն էր. դա խտրականություն է: Ուստի, եթե վարչական մարմնի որոշումը կայացվում է խտրականությամբ, կանխակալ, բացասական կարծիք կա հեռուստաընկերության նկատմամբ՝ անկախ նրանից՝ նա լավն է, թե՝ ոչ, փաթեթը համապատասխանում է օրենքին, թե՝ ոչ, իր նկատմամբ կայացվել է խտրական որոշում, հետևաբար այդ որոշումներն առոչինչ են: Իսկ առոչինչ վիճարկելու համար վաղեմության ժամկետներ չկան»:

Արա Ղազարյանը նշեց՝ քանի որ դիմել են՝ ընդդեմ կառավարության, բայց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)-ը երրորդ կողմ է ներգրավված՝ որպես շահագրգիռ անձ և նա ներկայացրել է իր պատասխանը. «Ի զարմանս մեզ, ՀՌՀ-ն ասաց, որ ոչ մի խախտում էլ չի եղել, օրենքը չի խախտվել: Ուստի առաջանում է կազուս: ՀՌՀ-ն ըստ էության ասում է, որ 17 տարի առաջ «Ա1+»-ի՝ մրցույթում պարտվելը եղել է իրավաչափ, բայց չէ՞ որ Եվրոպական դատարանը որոշել է, որ Կոնվենցիան խախտվել է: Ուստի ո՞նց է եղել օրինական: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ճի՞շտ էր: Այսինքն՝ այսպես կոչված Նոր Հայաստանում, հետհեղափոխական Հայաստանում ասում են, որ այն, ինչ արվել է նախկինում, ճի՞շտ է արվել «Ա1+»-ի վերաբերյալ: Դա աբսուրս է հնչում, քանի որ իրականում իշխանությունների սահմանափակումները մամուլի դեմ սկսվել են հենց «Ա1+»-ով: Հիմա, փաստորեն, հետհեղափոխական Հայաստանում ասում են, որ ճիշտ է եղել»:

Արա Ղազարյանը զուգահեռներ անցկացնելով նշեց, թե կառավարությունը գոնե նախընտրել է այս հարցով լռել, մինչդեռ ՀՌՀ-ը նշել է, որ «Ա1+»-ին եթերազրկելը օրինական և իրավաչափ է եղել: Արա Ղազարյանը, ՀՌՀ-ի հայտնած կարծիքին գնահատական տալով, նշեց՝ բոլորը հասկանում են, որ այդ ամբողջ գործընթացն ուղղված է եղել «Ա1+»-ի դեմ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում