Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հեմփ
A A
Հասարակություն

Ի՞նչ փուլում է հեմփ տեսակի կանեփազգի բույսի մշակումը թույլատրելու հարցը

2019 թվականին «Արմերիկա» ընկերությունը ցանել, հավաքել, զմռսել և հետո պահեստավորել էր հեմփ տեսակի կանեփազգի մշակաբույսը, որից հետո, սակայն, ՀՀ ոստիկանությունը բերքն առգրավել էր, և ՀՀ քննչական կոմիտեում գործ էր հարուցվել։ Այն դեռևս քննության մեջ է։

2020 թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը խնդրի վերաբերյալ հարց էր ուղղել կառավարությանը՝ նշելով, որ այս խնդրով իրեն է դիմել «Արմերիկա» ընկերությունը։ Պատգամավորն ասելէր, որ ընկերությունը ցանել է 170 հազար դոլարի սերմնացու, և մոտ 400 հազարի դոլարի ներդրում է կատարվել գործի մեջ։

Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն ասել էր, որ ՀՀ օրենքներով կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում արգելված է։ Իսկ կատարած ներդրումի, ծախսերի մասով՝ փոխվարչապետը նշել էր, որ թվերը գերչափազանցված են և որևէ կերպ փաստարկված չեն։ 

«Այն վերլուծությունից հետո, որ կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը, և մենք մեր վերաբերմունքը կկարողանանք այդ վերլուծության հիման վրա արտահայտել տնտեսական կանեփի արտադրության վերաբերյալ, դրանից հետո արդեն կհետևի տվյալ ներդրողի խնդրի հանգուցալուծումն այս կամ այն կերպ»,- նշել էր Ավինյանը։ 

Անդրադառնալով խնդրին՝ «Արմերիկա» ընկերության իրավաբան Արմեն Ումրշատյանն ասաց, որ Էկոնոմիկայի նախարարություն քննարկվում է այս հարցը, արդեն վերջնական որոշումը կկայացվի, ընկերությունը ֆինանսական հաշվարկներն էլ է ներկայացրել, սպասում են պատասխանին։  

Ավինյանի պատասխանի մասով, թե ընկերության ներկայացված թվերը գերչափազանցված են և որևէ կերպ փաստարկված չեն, Ումրշատյանն նաև ասաց, որ դա կառավարության կարծիքն է։ 

«Իրականում մեր թվերն արժանահավատ են, բայց այս պահին մենք չենք ցանկանում  հրապարակել այլ տվյալներ, սպասում ենք էկոնոմիկայի նախարարության դիրքորոշմանը։ Բնականաբար եթե էկոնոմիկայի նախարարությունը դիրքորոշում հայտնի, մենք  փաստաթղթերով, ձեռք բերման կտրոններով կհիմնավորենք ինքնարժեքը, գնման ակտը, և մեր կողմից կատարված ծախսերը»,- ընդգծեց ընկերության իրավաբանը՝ փոխանցելով «Արմերիկա» ընկերության տնօրեն, գործարար Ռուբեն Մկրտչյանի դիրքորոշումը։

Ըստ Ումրշատյանի՝ ամբողջ հարցն այն է, որ տեխնիկական կանեփը միջազգաին կոնվենցիայով, որ կարգավորում է ստացել, հիմա Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է տեխնիկական կանեփի և դրա մշակումից առաջացած արժեքների շուկայականի համապատասխանությունը և արժանահավատությունը։

«Մենք կանեփ, որ ցանում ենք, հո կանեփ չե՞նք արտադրելու։ Մենք արտադրելու ենք կանեփի բաղկացուցիչ յուղ՝ ՍիԲիԴի յուղ (CBD Oil): Կանեփն իրենից ներկայացնում է կանեփի էքստրակտը՝ յուղը, որն իր հերթին բաղկացած է տետրահիդրոկաննաբինոլից (որն արգելված է) և SBD յուղից։ Քիմիական ռեակցիայի արդյունքում տետրահիդրոբաննաբինոլը մենք հանելու ենք դրա միջից, մեզ պետք չէ այն, այդ թմրանյութի բացկացուցիչ մասը, ընդհակառակը դա մեզ խանգարում է։ Մենք ի սկզբանե կառավարությանը ներկայացրել ենք, որ արտադրելու ենք ՍիԲիԴի յուղը»,- պարզաբանեց նա։

Հարցին՝ եթե կառավարությունը որոշի արգելել, Ումրշատյանը պատասխանեց, որ վնասների փոխհատուցում կպահանջեն։ Կպահանջեն, որպեսզի նաև վարչական ընթացակարգով կայացվի բարենպաստ ակտ։

«Ենթադրում եմ, որ կառավարությունը ողջամիտ կլինի, թույլ կտան այդ բարիքը ցանել, բացասական չենք տրամադրված։ Եվ կառավարությունում էլ են հասկանում, որ ամբողջ աշխարհն է այդ բարիքից օգտվում, և դժվար թե ասեն, որ դա չարիք է»,- շարունակեց նա։

Ընկերության իրավաբանը նաև հավելեց, որ եթե կառավարությունը թույլատրելու որոշում ընդունի, ապա պետք է ներպետական օրենսդրական փոփոխություն կատարվի հեմփի մասով։

«Պետք է փոփոխություն կատարվի։ Մենք այդ փոփոխությունը տեսնում ենք հետևյալ կերպ «կանեփ» բառը չօգտագործենք, օգտագործենք «կանափի» բառը՝ արտադրական կանեփի մասով։ Պետք է օրենսդրորեն տարանջատվի մարիխուանան, որը չարիք է, պետք է արգելվի, պետք է լինի կանափի։ Սա օրենսդրական դաշտում պետք է դիտվի որպես թույլատրելի բույս, ու դրանից հետո արդեն որոշվի, եթե դա լիցենզավորվում է, կլիցենզավորվի, եթե ազատ ցանք է և այլն»,- եզրափակեց Արմեն Ումրշատյանը։

«Ա1+»-ը խոսեց նաև փոխվարչապետ Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ՝ իմանալու, թե այս հարցով ինչ զարգացումներ կան։ «Եթե նորություն լինի կհրապարակենք։ Ներկայումս քննարկումները շարունակվում են»,- ասաց Հունանյանը։ 

Նշենք, որ հեմփից ստացվող ՍիԲիԴի յուղն օգտագործվում է բժշկության մեջ։