Բացել լրահոսը Փակել լրահոսը
29
A A
Պաշտոնական

Մետաղական հանքաքար արդյունահանողներն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել  են   տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու  արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն  իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն։

Նախարարի տեղակալ Լ․Շուշանյանը  շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ  հանդիպումը  տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու, գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակ ունի՝ այս համատեքստում կարևորելով  աշխատանքների փոխգործակցության ձևաչափը։ 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են  իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը,  պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները, ինչպես նաև պարզաբանումներն են տրվել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Լ․ Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով  ակնկալելով առավելագույն  բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում։