Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երկու չինացի Հայաստանում գտնվում է բժիշկների հսկողության ներքո (տեսանյութ)

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝  Չինաստանում արձանագրվել է  կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք՝ 106-ը մահվան դեպքով։ Իսկ Չինաստանի առողջապահության հարցերի պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ արձանագրվել է 5997 հաստատված դեպք, որից 132-ը մահվան ելքով է․ այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Նա նշեց՝ դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում, սակայն դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կորեայում, Թալիանդում։

«Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակ է միայն Չինաստանում։ Վարակի հիմնական աղբյուրը եղել է Ուհան քաղաքի կետերից, և համարվում է, որ վիրուսը ծովամթերքից փոխանցվել է մարդուն»։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ Հայաստանում ազգությամբ երկու չինացի այս պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

«Մեկ հոգին ջերմություն չունի, և բժիշկների հսկողության տակ է, իսկ մյուսը ունի 37 աստիճան, և հիմա ռենտգեն հետազոտություն է իրկանացվել, արդյունքները պարզ կլինեն շուտով։ Դեռևս մեկուսացված են և բժիշկների վերահսկողության տակ են։ Խնդիրը բարդանում է, քանի որ ցուրտ է, գրիպի սեզոն է և հնարավոր է, որ ունենան շնչառական վարակ»։

Անդրադառնալով դեպքին, երբ քաղաքացիներին թույլ չի տրվել Վրաստանի հետ սահմանը հատել, քանի որ երկու  չինացիների մոտ հայտնաբերվել է ջերմություն, Լիանա Թորոսյանը հաստատեց, որ Վրաստանի սահմանում նման խնդիր է եղել։

«Առողջապահության նախարարությունը ԱԳՆ ի հետ համատեղ աշխատել է։ Միջոցառումներ են իրականացվել՝ տրամաբանական լուծում տրվելու համար։ Բոլոր քաղաքացիները եռակի անգամ ջերմաչափվել են Բագրատաշենի սահմանի անցման կետում և խնդիր չեն ունեցել»։

Փոխնախարար Լենա Նանուշյանը նաև տեղեկացրեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել հունվարի 26-ից արգելել կենդանական ծագման մթերքի և ծովամթերքների մուտքը Հայաստան, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության և զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որը տրամադրվում է տուրիստական գործակալություններին, որ իրենք տեղյակ լինեն, եթե որոշակի խմբեր այցելել են, և ախտանիշներ լինեն, տեղեկացնեն իրենց։