Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ է հիշում իր ծառայությունից Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (տեսանյութ)

Հայոց բանակի օրվա առիթով Եռաբլուր այցելած Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է հիշում իր ծառայությունից։

«Շատ տարբեր բաներ»,- ասաց Դավիթ Տոնոյանը  ու հստակեցրեց, որ դժվարությունները շատ են տպավորվել, օրինակ՝ առաջին անգամ համազգեստ, ճտքակոշիկներ հագնելը։

Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն է։

Անդրադառնալով Հունվարի 24-ին ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում ստացած  ՊԲ զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակին, Դավիթ Տոնոյանն ասաց, որ վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։

Նշենք, որ վիրավորում է ստացել նաև 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև հունվարի 24-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Կառավարությունը փակել է 80-ականներրի զենքի ամոթալի էջը։

«Մեր սպառազինությունը և կարողությունները, որոնք անհրաժեշտ են Զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են։ Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, բայց տասնյակ տոկոսներ են, այսինքն՝ մեր կարողությունները բավականին մեծացել են»,- նշեց նա։

Ըստ Դավիթ Տոնոյանի՝ բանակում սննդի մատակարարման նոր կարգն իրեն արդարացրել է։ Նրա խոսքով՝ զորամասերի  40%-ից ավելին օգտվում են սննդի մատակարարման նոր կարգից։ Դավիթ Տոնոյանը հուսով է, որ մինչև տարեվերջ բոլոր զորամասերը հնարավորություն կունենան օգտվել նոր կարգից։

«Անում ենք ամեն ինչ, որ դա իրականացվի, որովհետև կազմակերպությունները շատ են, տարբեր խնդիրների առջև ենք կանգնում, բայց նորմալ է»,- ասաց նախարարը։

Դավիթ Տոնոյանից լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ՍՈՒ-30 կործանիչների մյուս խմբաքանակը ե՞րբ կլինի Հայաստանում, նախարարը ժպիտով ասաց՝ շուտով։