Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կան մեծություններ, որոնց աշխարհ մտնելն անվերջ է․ Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 81-ամյակը (տեսանյութ)

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է իր ծննդյան ութսունմեկերորդ տարեդարձը։ Մաեստրոյի խոսքով, տարիքի հետ մարդն ավելի է դեպի արմատները խորասուզվում, և հիմա ինքը ներքին պահանջ ունի նվիրվել հայ պոեզիային, հայոց լեզվին: Նա նշում է, որ անցյալ տարվա հոբելյանական համերգներից ամենաթանկը, թերևս՝ Իսահակյանի և Չարենցի պոեզիայի հիման վրա գրված երաժշտական կտավների համերգային երեկոներն էին։

«Կոմիտասից ու Ռոմանոս Մելիքյանից հետո, դասական երգն իր տեղը զիջեց քաղաքային և գաղափարախոսական երգերին։  Սակայն, իմ համոզմամբ, հենց դասական երգեցողության վրա է հիմնվում կոմպոզիտորական արվեստը»,- ասում է կոմպոզիտորը, և հավելում, որ իր համար կարևորում է մեր հոգևոր, աշխարհիկ և Կոմիտասյան միջնադարյան գոհարները։

Մաեստրոն նոր է Չեխիայի Բռնո քաղաքից վերադարձել, որտեղ Պրահայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է «Ռեքվիեմը», որն ի դեպ արդեն կատարվել է բոլոր մայրցամաքներում:

 Ի դեպ, «Ռեքվիեմը» Տիգրան Մանսուրյանը գրել է Պրահայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի առաջարկությամբ և հենց նրա ղեկավարությամբ էլ առաջին անգամ այս գործը կատարվել է Գերմանիայում, նաև ձայնագրվել:

«Այս տարի աշխարհը տոնում է Դանթեի Ալիգերիի ծննդյան 700-ամյակը։ Իտալիայի կառավարությունը երեք հեղինակի առաջարկել է, որ նրանցից յուրաքանչյուրը երաժշտական մի գործ գրի՝ Դժոխք, Քավարան և Դրախտ:

«Ինձ առաջարկել են Քավարանը: Ես համաձայնել եմ, բայց տարօրինակն այն է, որ մեր եկեղեցում քավարանը գոյություն չունի»,- ասում է պարոն Մանսուրյանը։

Նրա խոսքով, Դանթեն անսահման տիեզերք է։ «Աշխատանքի բերումով ծանոթացա մարդկանց հետ, որոնք Դանթեի գրքի հետ կապված խելահեղ ուսումնասիրությունների կուտակում ունեն։ Կան մեծություններ, որոնց աշխարհը մտնելն անվերջ է»: