Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պետությունը պետք է փորձեր քվոտավորել մեքենաների ներմուծումը․ Արեն Ապիկյանը՝ ավտոշուկայում առաջացած խնդրի մասին (տեսանյութ)

2019 թվականին Հայաստանի Հանրապետության ավտոներկրողները բազմաթիվ ավտոմեքենաներ էին վաճառել Ղազախստանի քաղաքացիներին։ Վերջիններս Հայաստանից մեքենան տանում էին առանց մաքսատուրքի, քանի որ Հայաստանում դեռ Եվրասիական տնտեսական միության օրենսդրության կետը չէր գործում, ավտոմեքենաները բերվում էին համեմատաբար էժան մաքսատուրքով։ Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ Ղազախստանում խնդիրների առջև են կանգնել կամ պետք է թանկ գնով մաքսազերծեն, կամ քանդեն և վաճառեն մասերը, կամ էլ վերադարձնեն հայ սեփականատերերին։

Բիզնես-խորհրդատու, տնտեսագետ Արեն Ապիկյանի տվյալներով՝ անցյալ տարի Հայաստան է ներմուծվել մոտ 190 հազար մեքենա։ 

«Բնականաբար ոչ մեքենաների պահանջարկն է այդքան եղել, ոչ էլ այդքան վճարունակ մարդ կա, որ այդ բոլոր ավտոմեքենաները գնեն։ Այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց համար են ներմուծել, իհարկե շահել են, բայց այդ մեքենաների մեծամասնությունը ներմուծվել է վաճառելու նպատակով, այսինքն՝ բիզնես նպատակով»,- նշեց Ապիկյանը։

Ըստ բիզնես-խորհրդատուի՝ եթե ներմուծված մեքենաների նույնիսկ 50 տոկոսն արտահանվել է, 50 տոկոսը մնացել է Հայաստանում, որը լուրջ խնդիր է դառնալու բոլոր տեսանկյուններից, որովհետև տուժելու են, քանի որ վարկային միջոցներ են ներգրավել մեքենաների ներմուծման համար, իսկ վարկերը վճարելու համար ավելի էժան գնով կվաճառեն, ինչն էլ կբերի ավտոշուկայի փլուզման, մեքենաների գները կտրուկ կնվազեն։

«Դա լավ նորություն է այն մարդկանց համար, որոնք պլանավորում են ավտոմեքենա  ձեռք բերել այս տարի, և վատ նորություն այն մարդկանց համար, որոնք պլանավորում են ավտոմեքենա վաճառել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պետությունը պետք է հաշվի առներ իրավիճակը և ինչ-որ կերպ փորձեր քվոտավորել, սահմանափակել ներմուծումը։ 

Ապիկյանը նաև անդրադարձավ Հայաստանից Ղազախստանի քաղաքացիների կողմից տարվող մեքենաների խնդրին՝ նշելով, որ իշխանություններն այս մասով նույնպես պետք է hաշվի առնեին իրավիճակը, քանի որ այս պահին խնդիր կա ՀՀ քաղաքացիների և Ղազախստանի քաղաքացիների միջև։ 

«Այլընտրանք»  հասարակական կազմակերպության  համանախագահ, հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը նշեց, որ Հայաստանում շատ արագ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաներով, առանց համապատասխան ընթացակարգերի Ղազախստանի քաղաքացիներին ստացել են ժամանակավոր գրանցում, ինչի շնորհիվ կարողացել են մեքենաներն անվանափոխել, հայկական համարներով վարել և հայկական համարներով տանել Ղազախստան։ 

«Որը նաև բերել է իրավական լուրջ խնդրի։ Ղազախստանում այսօր հայկական համարներով կատարվում են տարբեր կողոպուտներ, գողություններ։ Նրանց տեսաձայնագրող սարքերը, փողոցի տեսանկարահանող սարքերը խախտումներ են արձանագրում։ Մեծ թվով հայկական համարներով մեքենաների փաստացի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են։ Եվ այստեղ ղազախական կողմն առնվազն կարող է դիմել դատարան իր իսկ պետության տարածքում խախտած իրավախախտումների համար վարչական տույժերը ստանալու համար»,- շարունակեց հասարակական գործիչը։

Ըստ նրա՝ եթե կան մարդիկ, որոնք չեն անվանափոխել, չեն կանխատեսել դեպքերի նման ընթացքը, փող աշխատելու հայկական բիզնեսգայթակղությունը մեծ է եղել՝ միայն վաճառել և արտահանել մեքենաները, կարող են կանգնել լուրջ խնդրի առջև, այդ թվում՝ դատական ատյաններում։ Կառավարությունը, ըստ Մանթաշյանի, պարտավոր էր համապատասխան վիճակագրություն իրականացնել, կանխատեսումներ անել ու կիրառել զսպումների մեխանիզմ, որ այսպիսի խնդիր չառաջանար։

«Ես կանխատեսում եմ, որ սա նաև բերելու է արտագաղթի մեծ ծավալների, որովհետև մարդիկ, որոնք այս բիզնեսի համար սեփական տներն են գրավադրել, իրենց ունեցվածքն են գրավադրել և այսօր փաստացի կանգնել են մի իրավիճակի առջև, երբ ունեն մեքենաներ, սակայն շուկան այնքան լճացած է, որ չկա դրանց համար համապատասխան վճարունակ պահանջարկ »,- ընդգծեց նա։

Հասարակական գործչի խոսքերով՝ իշխանությունները հարցը կարող էին լուծել նույնիսկ միջանձնային հարաբերությունների շրջանակում, եթե կորցրած չլինեին արտաքին քաղաքականությունում տարիների վաստակածը։ «Հնարավոր էր նաև միջանձնային հարաբերությունների, նորմալ պարտնյորության հիմքով խնդրել Եվրասիական տնտեսական միության կոլեգաներին որոշ չափով երկարացնել, կամ հնարավորություն տալ մեքենաների արտահանման պրոցես կազմակերպել որոշ չափով»,- նշեց Նարեկ Մանթաշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։