Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134622
A A
Քաղաքականություն

Աշխատանքիցս երբեք գոհ չեմ եղել ու չեմ էլ լինի. Նիկոլ Փաշինյան

««Իմ քայլը» խմբակցության հետ վերջին հանդիպմանն ասել եմ որ, գործող ԱԺ և խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, որը լուծարել է իր երկրի խորհրդարանը, ըստ էության ընդունելով, որ իրենց երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին»,- Կապանում հրավիրված ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ տեղեկությունների համաձայն՝ նա դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից։

Վարչապետը նաև հարց բարձրացրեց, թե ինչու այսօրվա խորհրդարանն իր ինտելեկտուալ մակարդակով խորհրդարանական մեծամասնությունը կարելի՞ է համեմատել նախորդ խորհրդարանական մեծամասնությունների հետ։

«Իհարկե չի կարելի համեմատել։ Համեմատության եզր ուղղակի չկա»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է իր աշխատանքից գոհ լինելուն, վարչապետն ընդգծեց. «Ես մի շատ վատ սովորություն ունեմ․ ինքս իմ աշխատանքից երբեք կյանքում գոհ չեմ եղել և երբեք էլ չեմ էլ լինելու։ Հետևաբար համապատասխանաբար, քչանում է հավանականությունը, որ ուրիշի աշխատանքից շատ գոհ կլինեմ։ Ուրիշի աշխատանքից ավելի գոհ կլինեմ, քան իմ աշխատանքից։ Հետևաբար, կարծում եմ, որ այստեղ ավելի ճիշտ գործիք է ինքնաքննադատությունը, քան քննադատությունը»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշ ուժերի կողմից խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ խոսակցություններին, ասաց, որ իր կանխավարկածն այն է, որ կլինեն հերթական խորհրդարանական ընտրություններ, ոչ թե արտահերթ։

«Ամեն ինչ դրան է տանում, բայց մյուս կողմից էլ, մենք հո նախորդ իշխանության նման չենք, որ ասենք՝ ոչ մի պարագայում։ Եթե քաղաքական պրոցեսը դրա անհրաժեշտությունը կառաջացնի, կառաջացնի»,- նշեց վարչապետը։