Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Զորակցում ենք Քարվաճառում հէկ-երի շինարարության դեմ պայքարին․ «Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Զորակցում ենք Քարվաճառում հէկ-երի շինարարության դեմ պայքարին

Քարվաճառի բնակիչ, ՀՀ քաղաքացի, մերօրյա լուսավոր մտավորական, քաղաքագետ, հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է անում՝ պահանջելով դադարեցնել Քարվաճառում քրեական օլիգարխիայի ձեռքով իրականացվող ապօրինի հէկաշինությունը, որի հետևանքով ցամաքում են Արցախի գետերը և ամայանում է բնությունը։
Ցավալի է, որ ՀՀ իշխանությունը լուռ անտարբերությամբ անտեսում է թե՛ Ալեքսանդր Քանանյանի առողջությանն սպառնացող վտանգը և թե՛ Արցախի անապատացման գործընթացն ու դրա հաշվին գիշատիչ վայրագությամբ հարստացող արցախյան քրեական օլիգարխիայի հանցավոր գործունեությունը։
Եթե նախկին ազգադավ և ոճրագործ ռեժիմը հովանավորում էր իր ստեփանակերտյան մասնաճյուղի թալանչիությունը, ապա ներկայիս իբրև թե հեղափոխական իշխանությունը, է՛լ ավելի զարգացնելով Արցախի սուբյեկտացման կործանարար քաղաքականությունը, քողարկվում է դրանով և փաստացի հրաժարվում է լուծել Արցախի պրոբլեմները՝ արցախցուն և Արցախը հանձնելով տեղի քրեական օլիգարխիային։
Դատապարտում ենք պաշտոնական Երևանի հանցավոր անտարբերությունն ու անգործությունը Հայրենիքի և Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արցախի կենսական պրոբլեմների նկատմամբ և պահանջում ենք միջամտել ու քայլեր ձեռնարկել Արցախի գետերի ցամաքումն ու տարածքի անապատացումը կանխելու ուղղությամբ։
Զորակցում ենք Ալեքսանդր Քանանյանին և միանում ենք նրա պահանջին։
Հավաստիացնում ենք, որ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամբողջացնելու գործընթացը ներառելու է նաև Արցախի մարզի քրեական օլիգարխիայի պատասխանատվությունը և բնության վերականգնումը։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն