Բացել լրահոսը Փակել լրահոսը
Aragast
A A
Հասարակություն

Պողոս Պողոսյանի գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը դեռևս չի հարցաքննվել

Հունվարի 21-ին «Հայկական ժամանակ» լրատվականը գրել էր , որ Առագաստ սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը հարցաքննվել է։ «ՀԺ-ի տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը»,- գրել էր ՀԺ-ն։

Իսկ երեկ «Հրապարակ»-ը գրել էր, որ Աղամալ Հարությունյանը չի հարցաքննվել ։

Աղամալ Հարությունյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանի հետ։ ««Հրապարակ»-ը ճիշտ է գրել։ «Հայկական ժամանակ»-ում ուղղակի մի փոքր վրիպակ էր եղել։ Ինքը չի հարցաքննվել այս փուլում»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե եղե՞լ են այլ  անձինք, որոնք հարցաքննվել են, մամուլի խոսնակը պատասխանեց․ «Սթիվեն Նյութոնը, Պողոսյանի եղբորորդին՝  Սամվել Պողոսյանը, ընկերը՝ Ստեփան Նալբանդյանը»։ Շոտլանդացի Սթիվեն Նյութոնը եղել է դեպքի ականատեսներից մեկը, իսկ Ստեփան Նալբանդյանն այդ օրը եղել է Պողոսյանի հետ սրճարանում։

Խաչատրյանն ասաց, որ գործի վարույթը, երբ վերաբացվել է, այնուհետև հիշյալ անձինք հարցաքննվել են։ Գործը, Խաչատրյանի փոխանցմամբ, երեկվա դրությամբ դեռևս վարույթ չի ընդունվել։ 

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանվել էր Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշենի համայնքի այն ժամանակվա ղեկավար, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանը։

Այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ, Ազգային անվտանգության նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել անզգույշ սպանության համար  (1961 թվականի Քրեական օրենսգրքով – Անզգույշ սպանություն), ու դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, պատիժը չկիրառելով՝ սահմանվել էր մեկ տարի պայմանական ազատազրկում :

Իսկ 2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: