Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ կանի «Լուսավոր Հայաստանը», եթե իշխանությունը «սուպերվարչապետությունից» չհրաժարվի (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխություններ անելու անհրարժեշտություն տեսնում է, քանի որ 2015թտեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունները թերություններով էին, և  ընտրությունների արդյունքները չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որը ընդգրկվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ 

Ընդդիմադիր խմբակցությունը սեփական օրակարգն է առաջ տանելու, այն է՝ «սուպերվարչապետական համակարգից» հրաժարվելը, այսինքն` կառավարման համակարգը արդյունավետ դարձնելը։ 

«Ինչը նշանակում է՝ խորհրդարանի դերի ընդգծում որպես գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի, և գործադիր իշխանությունում, մասնավորապես՝ նրա ղեկավարի ձեռքերում կենտրոնացված իշխանության  տեղաբաշխում այլ պետական մարմինների միջոցով։ Օրինակ՝ երբ որ անվտանգության սեկտորի պետական մարմինները բացառապես կենտրոնացնում ենք վարչապետի անձի շուրջ, մենք ունենում ենք գերկենտրոնացված համակարգ։ Սա որևէ ձև չի տեղավորվում խորհրդարանական հանրապետության տրամաբանության մեջ»,- ասաց նա ու հավելեց, որ չպետք  է լինի մեկ պետական մարմին, որը դուրս լինի խորհրդարանի վերահսկողությունից։  

Մեր հարցին, եթե իշխանությունը «սուպերվարչապետությունից» չի հրաժարվում, սա ինչի՞ մասին կարող է վկայել, Տարոն Սիմոնյանը հարց բարձրացրեց՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի սահմանադրական փոփոխություններ կատարելը։ 

«Չէ որ  իշխանության ներկայացուցիչները, որոնք այն ժամանակ ընդդիմություն էին, պնդում էին, որ 2015թ.-ի Սահմանադրությունում ամրագրված այդ լծակները հակասում են սահմանադրականության ոգուն և իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի ձեռքում հակաժողովրդական է։ Եթե նրանք եկան իշխանության, և գաղաափարները փոխվեցին, դառնում է այն հեքիաթի նման, որ վիշապի գլուխը կտրում են ,ու իրենք են վիշապ դառնում, մեզ համար դա անընդունելի կլինի և մենք կտրականապես դեմ կլինենք։ Իսկ եթե զգանք, որ մեր ներկայությամբ փորձ է արվում սահմանադրական փոփոխություններում լեգիտիմացնել այդ տրամաբանությունը, ապա միգուցե մենք նաև դիտարկենք մեր հետագա գործունեության նպատակահարմարությունը հանձնաժողովի կազմում»,- ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։ 

ԼՀԿ-ի մյուս առաջարկությունը վերաբերելու է դատավորի անկախության սահմանադրական երաշխիքների ամրագրմանը, որն ըստ պատգամավորի՝ գործող սահմանադրությամբ  երաշխավորված չէ։ 

«Այսօրվա իրավակարգավորումների շրջանակներում մենք մեծ խնդիրներ ենք տեսնում առ այն, որ բացի այն, որ դատավորները անուղղակիորեն գտնվում են վերահսկողության տակ գործադիր իշխանության և հատկապես գործադիրի ղեկավարի կամքի, նաև նրանք ներքին անկախություն չունեն, օրինակ՝ առաջին ատյանի դատավորը շատ դեպքերում կախվածության մեջ է գտնվում վճռաբեկ դատարանի դատավորի կամքից, սա ևս անթույլատրելի է։ Միակ պետական մարմինը, որ խոսում է ՀՀ անունից, դա դատավորն է, ոչ թե դատական համակարգը, հետևաբար մեկ դատավորևի անկախուևթյունը պետք է համարվի բարձրագույն խնդիր, որը մենք փորձելու ենք լուծել»,- նշեց նա։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի կիսում արտախորհրդարանական քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի պնդումը, թե սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը։ 

«Պետք չէ անընդհատ եղածը փոփոխությունների ենթարկել, պետք է եղածը ճիշտ օգտագործել և կատարելագործել, որովհետև պետական կառավարման համակարգում հետ ու առաջ գնալը, անընդհատ նոր պետական մարմիններ ձևավորելը, նոր իշխանությունների տարանջատման տրամաբանություն ներդնելը սթրեսի է ենթարկում ամբողջ պետությանն ու հասարակությանը»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։  

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև նախագահի լիազորությունների ավելացմամբ, քանի որ կարծիքներ են հնչում, որ նախագահի լիազորությունները սահմանափակ են։ Ի պատասխան պատգամավորն ասաց, որ գործող սահմանադրությամբ նախագահի լիազորությունները  անորոշ են, և «Լուսավոր Հայաստանը» դրան պարտադիր անդրադառնալու է։ 

«Նախագահը երկրի գլուխն է, բայց նրա լիազորությունները անորոշ են, և ինքը անգամ չի հասկանում այս իրավունքը ունի՞, թե՞ մյուսը։ Այս տրամաբանության շրջանակում մենք մեր նախաձեռնություններով պետք է անդրադառնանք  այդ կարցին, որ նախագահի լիազորությունները հստակ լինեն»,- նշեց նա ու հավելեց, որ չպետք է ունենանք մի պետական մարմին, որը գործնականում գործառույթներ չի իրականացնում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։