Բացել լրահոսը Փակել լրահոսը
demkus
A A
Քաղաքականություն

Առաջարկում են ՀՀ և ԱՀ խորհրդարանների համատեղ հայտարարությունն ուղարկել ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին, 

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին 

 

Հարգարժան պարոնայք:

 

«Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն, որում ընդգրկված են երկու տասնյակ կազմակերպություններ,  և «Մտավորականների խորհուրդ» նախաձեռնությունը ողջունում և իրենց գոհունակությունն են հայտնում հայկական երկու պետությունների խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունված հայտարարության առիթով:

Այս փաստաթուղթն առանձնանում է երբևիցե ընդունված նույնանման հայտարարություններից նախևառաջ նրանով, որ արտահայտում է երկու խորհրդարանների դիրքորոշումը, Ադրբեջանում հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունները որակելով որպես ցեղասպանական գործողություններ, որոնք շարունակությունն են 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրագործված ցեղասպանության: Ինչպես նաև կարևորում ենք կոչը այլ պետությունների խորհրդարաններին՝ դատապարտելու Ադրբեջանի այդօրինակ քաղաքականությունը:   

Դրա հետ մեկտեղ, դիմում ենք Ձեզ՝ հետևյալ առաջարկություններով.

  1. Հայտարարության տեքստը պաշտոնապես ուղարկել ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին՝ ադրբեջանահայության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական գործողությունները դատապարտելու դիմումով և փաստական տվյալներ պարունակող ամփոփ տեղեկանքով:
  2. Առաջարկում ենք ստեղծել առանձին հարթակ՝ վեբ կայք, որտեղ կտեղադրվեն ադրբեջանահայության նկատմամբ իրականացրած ոճրագործությունները պատկերող փաստագրական նյութեր (այդ տարիներին արված աուդիո, վիդեո ռեպորտաժներ, նյութեր, վավերագրական ֆիլմեր, հոդվածներ, գրքեր, զոհերի մասին անձնական տվյալներ, փախստականների ամբողջական ցուցակը, ականատեսների վկայություններ, ովքեր հնարավորություն կունենան անձամբ ներկայանալ կայքում և տեղադրել իրենց պատմությունները, ներկայացնել փաստաթղթեր սեփական արխիվներից):
  3. Ձևավորել մասնագիտական խումբ՝ Ադրբեջանի գործողությունները դատապարտելու և նյութական, տարածքային փոխհատուցում պահանջելու համար անհրաժեշտ փաստաթղթային բազան հավաքելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության բոլոր մյուս միջազգային կառույցեր դիմելու նպատակով:

 

Հարգանքով,

«Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտե, 

«Մտավորականների խորհուրդ» նախաձեռնություն