Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134585
A A
Հասարակություն

Ի՞նչ է իրականացնելու Փաստահավաք հանձնաժողովն անցումային արդարադատության շրջանակներում (տեսանյութ)

«Անցումային արդարադատություն և Փաստահավաք հանձնաժողով. ինչպես վերականգնել խախտված իրավունքները»․ այս թեմայով այսօր քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում սկսելու է ուսումնասիրել որոշակի դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ փաստեր, վեր հանել դրանք։ 

«Հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է դա տեղի ունեցել, ում պատճառով է տեղի ունեցել և ամենակարևոր հանգամանքը՝ ինչպես հետագայում կանխել նման իրադարձությունների և դեպքերի առաջացումը»,- պարզաբանեց Դադունցը՝ հավելելով, որ սովորաբար այսպիսի հանձնաժողովները 1-2 տարի են գործում։

Հանձնաժողովը արդարադատական մարմին է, և պետք է լինի ապաքաղաքական․ դրա անդամները պետք է լինեն ապաքաղաքական, քաղաքական գործունեությամբ չզբաղվեն։ 

«Ռազմավարությամբ նախատեսված է, որ այդ հանձնաժողովը պետք է փաստահավաք գործունեություն իրականացնի հետևյալ ոլորտներում․ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած ընտրական գործընթացներ, 1991 թվականից սեպտեմբերից սկսած հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, Հայաստանում պետության և հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների սեփականազրկումների այլ դրսևորումներ և ոչ մարտական պայմաններում զոհված զիծառայողներ»,- ընդգծեց ԱՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ոլորտների առանձնացման հարցում ուսումնասիրվել են միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության կողմից մշակված զեկույցներ։ 

 «Հանձաժողովի աշխատանքի արդյունքում, ես ենթադրում եմ, որ կձևավորվի բազմահատորանոց  մի արխիվ, տեսաձայանգրությունների մի ամբողջ ծավալ։ Եվ հանձնաժողովի պատրաստած փաստաթղթի եզրակացության վերջնարդյունքը, վերլուծությունը, վերջին մի 10 էջը մենք մեր քվեարկությամբ Ազգային ժողովով կվավերացնենք որպես այդ անցյալի գնահատական»,- նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը։

Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովը տալիս է առաջարկություններ, որոնք կարող են մի քանի բնույթի լինել։ «Օրինակ՝ կարող է հանձնաժողովը խորհուրդ տալ այսինչ շահառու խմբի նախկին վիճակի վերականգնում։ Այլ երկրների փորձից՝ դա կարող է լինել պաշտոնի վերականգնում, որը հնարավոր է վերականգնել։ Հնարավոր է, որ հանձնաժողովը փոխհատուցում նշանակի որոշակի խմբի համար։ Կարող է առաջարկել հոգեբանական, սոցիալական կամ այլ տիպի պետության աջակցություն»,- պարզաբանեց իրավաբանը՝ հավելելով, որ ամենավերջին բանը, որ կարող է հանձնաժողովն առաջարկել, ռեֆորմներ են, որոնք երաշխիք կարող են երաշխիք լինել հետագայում անցյալի կրկնությունը թույլ չտալու համար։  

Արցախի զորամասերից մեկում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն ասաց, որ հույս ունի՝ գործող իշխանություններն ամեն ինչ անի, որ զինծառայողների սպանությունները դադարեն։ 

«Սպանությունները չեն կանգնել։ Ցավոք շարունակվում են և 99 տոկոսը որակվում են ինքնասպանություն, չնայած, որ մենք ապացույցներ ունենք, որ իմ որդունն ինքնասպանություն չէ։ Տասը տարի թող ապացուցեին, որ ինքնասպան է եղել։ Ես  էլ ասեի՝ «Լավ, ի՞նչ ա կատարվում բանակում, որ զինվորը գնում, ինքնասպան է լինում»»,- նշեց նա։ 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, հասարակական գործիչ Արթուր Սաքունցը նշեց, որ տարիներ շարունակ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար զրկվել են ոչ միայն գույքից, այլև աշխատանքից, ենթարկվել են քաղաքական հետապնդումների։ 

«Խոշտանգման ենթարկվածները նույնպես պետք է ներառվեն, որովհետև խոշտանգումից զերծ մնալու իրավունքը բացարձակ իրավունք է, որը որևէ պարագայում չի կարող արդարացված լինել»,- նշեց հասարակական գործիչը։ 

Մանրամասները՝ տեսանյութերում։