Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134573
A A
Քաղաքականություն

«Ամեն գիշեր քնելուց առաջ մի հեքիաթ կկարդամ»․ Հայաստանի արտգործնախարարը Նիդերլանդների գործընկերոջը գիրք նվիրեց (տեսանյութ)

Նիդերլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը երեկ է երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Հայաստանն ու Նիդերլանդները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. հունվարին, և մոտ 30 տարվա պատմության ընթացքում սա Նիդերլանդների արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան։

 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր խոսքի սկզբում ասաց․ «Ուրախ եմ  արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան։ Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և այս տարի ՀՀ վարչապետի` Նիդերլանդներ կատարելիք այցելության ընդառաջ» ։

 Նախարարն ընդգծում է որ այս  զարգացումները վկայում են , որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո։

«Այս փաստը ամրագրված է պատմության մեջ աննախադեպ իրողությամբ, երբ Նիդերլանդների օրենսդիր մարմինը գրեթե միաձայն որոշում կայացրեց դիմելու կառավարությանը՝ Հայաստանում դեպանություն բացելու համար ։

 Նիդերլանդների կողմից Հայաստանում դեսպանություն հիմնելու որոշումը անշուշտ նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»,- իր խոսքում առանձնացնում է Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարները նշում են , որ վերընթաց տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը, Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը մեկ տարվա կտրվածքով երկնիշ աճ է արձանագրել ՝մոտ 26 տոկոս։

Ընդհանուր առմամբ առևտուրը մեկ տարվա ընթացքում աճել է մոտավորապես 9,2 տոկոսով։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է․

«Հայաստան-Նիդերլանդներ միջպետական հարաբերություններում կարևոր դեր է վերապահված  խորհրդարանական համագործակցությանը։ 2019 թվականի հոկտեմբերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտոնական այցելություն կատարեց Նիդերլանդներ, որի ընթացքում ձևավորվեց  Հայաստան- Նիդերլանդներ բարեկամության  շրջանակը՝ բաղկացած քաղաքական, մշակութային, գործարար և գիտության գործիչներից։ Առկա է նաև մեծ ներուժ տնտեսական ոլորտում, խոսքը մասնավորապես գյուղատնտեսության, թափոնների վերամշակման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության բնագավառների մասին է»։

Հատկանշական է, որ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հայ-նիդերլանդական համագործակցությունն օրինակելի է։  Հայաստանն այդ ոլորտում Նիդերլանդների հետ արդյունավետ փոխգործակցող երկրների շարքում  առաջատար տեղ է զբաղեցնում։

«Մեր երկկողմ հարաբերությունները նաև կարևորվում են Հայաստան-Եվրամիություն գործընկերության տեսանկյունից։ Անցյալ տարեվերջին Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատները հինգ օրվա տարբերությամբ միաձայն վավերացրեցին Հայաստան- Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Սա վկայում է Եվրամիության հետ մեր փոխգործակցության խորացմանը, Եվրամիության հիմնադիր երկրներից մեկի ՝ Նիդերլանդների կարևոր աջակցության մասին»։

 Զոհրաբ Մնացականյանն ուրախությամբ արձանագրում է վերջին շրջանի մշակութային կապերի խորացումը։ Նշում, որ Նիդերլանդներում թարգմանված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթները զգալի հետաքրքրություն են առաջացրել նիդերլանդացի ընթերցողների շրջանում։

Խոսքն ավարտելուց հետո Զոհրաբ Մնացականյանը թարգմանությունների գիրքը նվիրեց Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բոկին ։

Երկկողմ օրակարգում կողմերն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում Հայաստանի անմիջական հարևանությամբ։

«Մենք համակարծիք ենք, որ բոլոր ներգրավված և շահագրգիռ կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն իրավիճակի կայունացման և լարվածության թուլացման ուղղությամբ։ Բնականաբար, անդրադարձանք նաև Ղարաբաղյան հիմնախնդրի  խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս համատեքստում կարևորում եմ Եվրամիության առաջատար երկրներից մեկի ՝ Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը, ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման»,- ասում է Զոհրաբ Մնացականյանը։

Ստեֆ Բլոկն իր ողջույնի խոսքում ասաց․« շնորհակալ եմ այս գրքի համար, ես ամեն գիշեր քնելուց առաջ մի հեքիաթ կկարդամ»։