Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երևանը վերածվել է շուկայի, ով որ շենքի գլխին ինչ ուզեցել, սարքել է․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության
պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած  «Առևտրի և ծառայությունների
մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից
ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծով սահմանվում է, որ  Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով
վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն
իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝
Երեւանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա:

Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները և վաճառվող
ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առեւտրի
իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը,
պայմանները և գործունեության իրականացման  ժամերը սահմանվում են Երևան
համայնքի ավագանու որոշմամբ: Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված
թույլատրելի վայրերը գծանշվում են եւ նշանով կահավորվում են Երևանի
քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով: Շրջիկ առևտուր իրականացնողները
պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող
ծառայությունների սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան
անվտանգությունը և որակը պահպանելու համար:

 «Ընդառաջելով տնտեսվարողներին, մենք օրենքում  հնարավորություն ենք
տալիս, որ թույլտվությունները  առանձին վայրերում, ավագանու որոշմամբ,
կարող է տրամադրվել մինչև 3 օրվա ժամկետով և այդ վայրերում
տնտեսվարողներին կթույլատրվի 23։00-ից հետո չտեղափոխել իրենց
մեքենաները»,- ասաց հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը։

Անդրադառնալով նախագծին, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընդգծեց.
«Շատ կարևոր է, թե մենք ինչ ձևի Երևան ենք ուզում տեսնել ապագայում։
Հասկանալի է, որ փոքր տնտեսվարողներ են, բայց Հանրապետության հրապարակում
5 հատ երազ գնել, վրան Միկի Մաուսի նկար փակցնել ու գալ, ասել, որ շրջիկ
առևտրով ենք զբաղվում, մենք այս առումով պետք է նախախաձեռնություններ
ունենանք։ Ես պատրաստվում եմ նախաձեռնություններ ներկայացնել, որովհետև
վերևից որ Երևան քաղաքը նայում ես, մեր հիասքանչ քաղաքը դարձել է չգիտեմ
ինչ, վերածվել է շուկայի, ով որ շենքի գլխին ինչ ուզեցել է, սարքել է։
Մինչդեռ կա նորմեր, թե ինչ տեսք պետք է ունենա քաղաք»։

 Մանրամասները՝ տեսանյութում։