Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տարածաշրջանում միակ երկիրն ենք, որտեղ չկա համակարգային կոռուպցիա․ Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

«17 տարվա մեջ առաջին անգամ կոռուպցիայի նվազեցման առումով առաջ ենք անցել Թուրքիայից, Հայաստանը 42 ցուցանիշն ունի, և Թուրքիան հետընթաց արձանագրած երկրներց մեկն է։ Սակայն մենք  հետ ենք մնում Բելառուսից։ Հիմնականում առաջընթացները գրանցվում են ժողովրդավար երկրներում»․ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019 թվականի Հայաստանի իրավիճակը թեմայով քննարկման ժամանակ նշեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նրա կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքը անհրաժեշտ նախապայման է, բայց ոչ բավարար։ Կարևոր է նաև տնտեսական մոդելի ճիշտ ընտրությունը, եթե ունենանք այնպիսի մոդել, որը հիմնված է ազատ շուկայի և մրցակցության վրա, դրանից կածանցվի նաև քաղաքական մոդելը, և կկայանան նորմալ ընտրություններ։

«Միակ երկիրն ենք մեր տարածաշրջանում, որտեղ չենք կարող ասել, որ կոռուպցիան ունի համակարգային բնույթ, ինչը չենք կարող ասել մյուս երկրների մասին։ Սակայն չպետք է թուլացնել տեմպերը, պետք է ավելի լուրջ, տնտեսական, քաղաքական  բարեփոխումներ իրականացնենք, որը կոռուպցիայի հաղթահարման համար գործի կեսն է։ Սակայն չպետք է ինչ որ մեկը ունենա պատրանք, որ կարող ենք ունենալ կոռուպցիայից զերծ պետություն։ Միջազգային նույնիսկ ամենալավ երկրներում վիճակն իդեալական չէ։ Եթե ասում ենք, որ ռիսկերը նվազել են, չի նշանակում, որ կոռուպցիան վերացել է։ Մենք դեռ պետք է  ունենանք մեր առջև խնդիր և նպատակ, որ իսկապես այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ համակարգային կոռուպցիայի մասին մոռանանք»։

Անդադառնալով Երևանի քաղաքապետարանին Կամազներ նվիրելու շուրջ ծավալված խոսակցություններին, թե դա իր մեջ կոռուպցիա է պարունակում, Վարուժան Հոկտանյանը նշեց, որ դա նվիրատվություն է, այդտեղ կոռուպցիա չկա․

 «Կամազների պատմությունը ինքնին կոռուպցիա չէ, բայց կան լրջագույն կոռուպցիոն ռիսկեր։ Այո, որևէ մեկը այդ կամազները չդրեց իր գրպանը, որևէ մեկի կալվածքում չհայտնվեցին։ Եթե դա արվում է հանրային շահի համար, ապա պաշտոնատար անձին մենք իրավունք չունենք կոռուպցիայի մեջ մեղադրելու։ Բայց կան խնդիրներ՝ արդյոք արվո՞ւմ է այդ ամենը անձնական օգուտի համար։ Երբ բիզնեսի և քաղաքականության սերտաճումն է, երբ բիզնեսը ծառայում է քաղաքական նպատակներին կամ  եթե քաղաքապետարանից ունեն ակնկալիքներ, ուրեմն կլինեն նաև հակառակ ակնկալիքներ ընտրությունների ժամանակ, և սա է ռիսկը»։