Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիզվառելիքի գործ
A A
Հասարակություն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նոր մեղադրյալներ չկան․ գործը դեռևս դատարան չի ուղարկվել

Հունվարի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ «Դիզվառելիք»-ի գործով նախաքննությունն ավարտվել է։

Ըստ ՀՔԾ-ի՝ պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Գործով մեղադրանքներ էին առաջադրվել հիշյալ նախկին պաշտոնյաներին։ «Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- հայտարարել էր ՀՔԾ-ն:

«Ա1+»-ը ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանից փորձեց մանրամասներ ճշտել։ Խաչատրյանն ասաց, որ դատախազությունը ստացել է գործը։ Հարցին, թե «դեռևս չեք հաստատե՞լ», պատասխանեց․ «Դեռ չէ։ Դեռ ուրիշ նորություն չկա։ Դեռ կարող եմ ասել, որ նախաքննական մարմնից ստացել ենք»։ Խաչատրյանը չնշեց գործը հսկող դատախազի անունը։

Հարցերին, թե արդյոք մեղադրյալների թիվն ավելացե՞լ է, և մեղադրանքները լրացվե՞լ են, դատախազության մամուլի խոսնակը պատասխանեց՝ ոչ․

«Պաշտոնապես ինչը որ Հատուկ քննչական ծառայությունն ուղարկել է, դա է, ուրիշ բան չկա»։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փաստաբանական խումբը քրեական գործը որակում է որպես քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում ՀՀԿ նախագահի նկատմամբ։