Բացել լրահոսը Փակել լրահոսը
Still0121_00000
A A
Հասարակություն

Գրքափոխանակության հնարավորություն՝ Հայաստանի ազգային գրադարանում (տեսանյութ)

Հայաստանի ազգային գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում պաշտոնապես գրքափոխանակության անկյուն բացվեց։   Գաղափարն  Ազգային  գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանինն է։

«Որոշեցի, որ գրքերը, որոնք նկուղներում խոնավանում են, գրքափոխանակությամբ առաջարկվի մեր ընթերցողին»,- նշում է Հրաչյա Սարիբեկյանը։

Մոտ 150 հազար հայերեն լեզվով գրականություն  և 50 հազար ռուսերեն և այլ օտար լեզուներով բավականին հին գրքեր առաջարկվելու են փոխանակման անկյունում։  Գրքափոխանակությանը կարող է մասնակցել ցանկացած ոք՝ անկախ  գրադարանի ընթերցող լինելուց։

 «Այս  ծրագրի միջոցով կարող ենք լուծել մի քանի խնդիր՝ ընթերցողներին առաջարկել գրականություն, որը   կուզենային ունենալ իրենց գրադարաններում, փոխարենը՝ մեզ առաջարկել գրականություն, որը չունենք Ազգային գրադարանում,- ասում է տնօրենը և պարզաբանում գրքափոխանակման  կարգի մասին,- Ստեղծել ենք գրքափոխանակության հանձնաժողով, որտեղ դիտարկվում են փոխանակության համար առաջարկվող գրքերը և համարժեքության հարցը»։

Գրքերը չեն փոխանակվելու սովորական ընթացակարգով, այլ գրադարանի կողմից առաջարկվելու է այն գրքերի ցանկը, որը անհրաժեշտ է՝ գրադարանը  համալրելու համար, իսկ ընթացակարգը իրականացնելու է գրքափոխանակման հանձնաժողովը։

Ազգային   գրադարանն ընթերցողի պակաս չունի։

«Մենք օրական 900 այցելու ենք ունենում, անցյալ տարի չորս հազար նոր այցելու ենք ունեցել»,- հավելում  է տնօրենը։