Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավտովարորդների պաշտպանության լիգա
A A
Հասարակություն

«Ավտոներկրողները վրացական նավահանգստում խնդրի առջեւ են հայտնվել» (տեսանյութ)

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության փոխնախագահ, «Իրավունքի սահման» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Գևորգ Հովհաննիսյանն ասում է՝  շարունակվում են ավտոներկրման բնագավառում հայ սպառողների մեծածավալ խնդիրները։

«Զգալի թվով ավտոներկրողների տրանսպորտային միջոցներ այսօր գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։ Եվ Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, Պետական եկամուտների կոմիտեի կողմից պահանջ է դրվում տվյալ տրանսպորտային միջոցները մաքսազերծել 2020 թվականի ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերով»,- «Ա1+»-ի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննիսյանը։

Զգալի թվով տրանսպորտային միջոցներ, «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի փոխնախագահի խոսքերով, ձեռք են բերվել 2019 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Քալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ նավահանգստից ցանկացած բեռ պետք է հասներ առավելագույնը 3 ամիս ժամկետում։ Սակայն ֆորսմաժորային (անկանխատեսելի) հանգամանքների պատճառով տվյալ տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան և մաքսային ընթացակարգերի սահմաններում մաքսազերծումը, մաքսազերծման համար նախնական հայտարարագրի ներկայացումը դարձավ խնդիր։

Բացի այդ, որպես պատճառ իրավապաշտպանը նշեց նաև ՊԵԿ-ի մաքսային ոլորտի ոչ արդյունավետ վարչարարության իրականացումը։ «Վրացական իշխանությունների թողտվությամբ զգալի թվով բեռնամփոփներ, որոնց մեջ տեղավորված են եղել Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցները, ժամանակին չեն բացվել, ինչ արդյունքում մեր հայ սպառողները, հայ ներկրողները կամ իրենց անձնական օգտագործման համար մեքենա բերողները վճարել են զգալի թվով տույժեր և տուգանքներ վրացական նավահանգստին»,- ընդգծեց նա։ 

Գևորգ Հովհաննիսյանն այս խնդրում Հայաստանի իշխանությունների կողմից որևէ պետական հոգածություն, պաշտպանություն չի տեսել։ «Մեր երկրում նման խնդրի ծագման դեպքում՝ այլ երկրների քաղաքացիների հանդեպ, հաստատ համոզված եմ՝ այլ պետություններն իրենց դեսպանների հյուպատոսների միջոցով կարձագանքեն»,- նշեց նա։ 

«Իրավունքի սահման»-ի ղեկավարը հավելեց, որ համապատասխան գրություններ են ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ, Ազգային անվտանգության ծառայություն, Պետական եկամուտների կոմիտե, և սպասում են գերատեսչությունների պատասխաններին։

«Շուրջ 2 հարյուր տրանսպորտային միջոցի հարցը, ի վերջո, հասունանալու է։ Եվ նույնիսկ ներկրողներից շատերն առաջարկում էին վրացական հանրապետության մաքսային սահմանը հատել և ՀՀ մաքսային սահմանը չհատած մեքենաները տեղակայել այդ միջպետական գոտում, ինչ պարագայում ես համարում եմ, որ այդ պահին հաստատ համապատասխան մարմինները կարձագանքեն և նույնիսկ կներկայանան լսելու այդ քաղաքացիներին»,- ընդգծեց Գևորգ Հովհաննիսյանը։

Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանության համար «Ա1+»-ը կապ հաստատեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանի հետ։

«ՊԵԿ-ը պարբերաբար իրազեկել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրվող ավտոմեքենաները մաքսազերծվելու են ԵԱՏՄ մաքսային օրենսդրության համաձայն, և ավտոներկրողները պետք է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնեին նախնական մաքսային հայտարարագիր, որպեսզի կարողանային մինչև 2020 թվականի հունվարի 31-ը մեքենաները մաքսազերծել 2019-ի արտոնյալ դրույքաչափերով»,- նշեց ՊԵԿ մամուլի խոսնակը: