Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Նազար»-ը դրամատիկ, բայց միևնույն ժամանակ «խուլիգանական» ներկայացում է. Կարեն Ներսիսյան (տեսանյութ)

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանները բեմադրում են նոր ներկայացում, որի պրեմիերան կկայանա փետրվարի 28-ին։

«Սա դրամատիկ, բայց միևնույն ժամանակ նաև ուրախ, ես կասեի, «խուլիգանական» ներկայացում է,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը։ - Սա հենց թումանյանական Քաջ Նազարի հեքիաթն է, որը տարբերվում է Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքից։ Օրինակ, Նազարի կինն անանուն է, իսկ վագրի, ձիու կերպարները գլխավոր կերպարներից են։ Նազարի կերպարն էլ  է տարբերվում։ Մեր Նազարը լուսավոր է, անկեղծ ու միամիտ։ Ինձ համար նա ուրախ, շրջապատին սիրող, լավատես ու ստեղծագործ կերպար է, և ինչ նրա հետ կատարվում է, Նազարի մեղավորությունը չկա, ժողովրդի մեղքն է, ով սիրում է իր համար կուռքեր ստեղծել։ Իսկ Նազարը պատահական է այս ալիքի մեջ ընկել»։

Ռեժիսորի խոսքով՝ գլխավոր կերպարը, թերևս ոչ թե Նազարն է, այլ Աշուղը, որը մարմնավորում է հեղինակին։ Նա և՛ հեքիաթասաց է, և՛ մասնակից, և՛ միգուցե հենց Թումանյանն է։

Կարեն Ներսիսյանը հավատացած է, որ Նազարի պատմությունը հետաքրքիր կլինի ոչ միայն հայ հանդիսատեսին։

Սա միջազգային թեմա է, -ասում է ռեժիսորը և հավելում․ «Պատահական չէ, որ թատերական ձևավորումը և երաժշտությունը պատվիրել ենք ռուս հեղինակների, քանի որ մեզ համար կարևոր էր նաև կողմնակի հայացքը։ Ներկայացման նկարիչը պիտերցի հիանալի նկարիչ Անդրեյ Զապորոժսկին է, իսկ երգերի հեղինակը հայտնի երաժիշտ Անդրեյ Գավրիլովն է»։