Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պաշտպանները չէին ներկայացել․ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընթացավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպաննները ներկա չէին դատական նիստին, ինչի արդյունքում նիստը հետաձգվեց:

Նիստին չեն ներկայացել Ռ․ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։

Պաշտպանները նշել են, որ 2020 թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։

Նույն պատճառաբանությամբ նիստին չեն ներկայացել նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները։

Դատավոր Աննա Դանիբեկյանը դիմեց տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին՝ հարցնելով, թե արդյոք նա նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ սպառնալիք հնչեցրե՞լ է։ Վերջինս նշեց, որ սպառնալիք չի ցանկացել հնչեցնել: Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, , որ դատարանն արձանագրում է, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է նախորդ դատական նիստին իրականացներ պաշտպանի պարտականությունը, սակայն չի կատարել, խոչընդոտել է դատի ընթացքը, և նրա նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա:

Դատարանը կանդրադառնա պաշտպանների վարքագծին, որոնց բացակայությունների իրավական հիմք, ըստ դատարանի, չկա։

Հաջորդ նիստը տեղի կունենա փետւվարի 4-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ պաշտպան Միհրան Պողոսյանը չէր ներկայացել դատական նիստերին՝ նշելով, որ «դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները»։