Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմավիրի մարզում
A A
Հասարակություն

Արմավիրի մարզում ոստիկանությունը ցուցարարներին թույլ չտվեց փակել մայրուղին (տեսանյութ)

Արմավիրի մարզի տարբեր գյուղերից անասնապահները, մսավաճառները հավաքվել են Մրգաշատ գյուղում՝ Արմավիր-Երևան մայրուղու վրա։

Պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի հունվարի 15-ից վաճառվելիք միսը պետք է մորթված լինի սպանդանոցներում, ու առկա լինի դա հավաստող փաստաթուղթ։ Անասնապահները, մսավաճառները համաձայն չեն այդ որոշման հետ՝ պատճառաբանելով, որ դրանով հարված է հասցվում իրենց աշխատանքին, երեաշխիքներ չկան, որ կենդանին չի վնասվի ճանապարհին սպանդանոց տեղափոխելիս, մսի որակը կընկնի, սպանադանոցների թիվը բավարար չէ մորթն իրականացնելու համար։

«Կառավարությունից ով որ օրենսդիր մարմնին է հանձնել, էդ մարդուն ենք ուզում, որ գա ու բացատրություն տա, գա, մի հատ բոյնիները ցույց տա, ինչ պայմաններով է։ Եթե ինչ որ օրենք հանում են, մանավանդ գյուղացիներին վերաբերող, որովհետև մեկը լուրը չի նայում ժամանակի առումով, խառն է լինում»,- ասաց հավաքվածներից մեկը։

Ցուցարարների հետ հանդիպեց Արմավիրի մարզի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը։ Այվազյանն ասաց, որ մարզում աշխատում էր 2 սպանդանոց՝ մեկը ոչխարի, մյուսը՝ խոզի։ «Երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչության կողմից թույլտվություն է տրվել ևս երկու սպանդանոցի, որոնք եթե այսօր չէ, վաղվանից սկսելու են աշխատել․ մեկը Թադևոսյան Ժորայինը, որը ստեղ ա, որը խոշոր եղջերավոր անասուն և ոչխար է մորթելու, մյուսը Հակոբյան Հակոբինը՝ և՛ խոշոր, և՛ խոզ, և՛ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուրջօրյա դա աշխատելու է»,- հանդիպման ժամանակ նշեց վարչության պետը՝ հավելելով, որ ևս 15 հոգի մարդ են գտել, որ պատրաստ են սպանդանոց կառուցել։

Հավաքվածներից մեկն արձագանքեց, թե թող չտանջվեն, չսարքեն, որովհետև չի լինելու։ Ի պատասխան Արթուր Այվազյանն ասաց․ «Դա քո կարծիքն է»։ Արձագանքելով մարզպետարանի ներկայացուցչին՝ ցուցարարն ասաց, որ միայն իր կարծիքը չէ, ամբողջ ժողովրդինն է․ և որ ժողովրդին ձեռք չի տալու։

Վարչության պետը նաև տեղեկացրեց, որ այս պահին մարզպետարաններում քննարկումներ են ընթանում։ Հավաքվածները համաձայնության չեկան Այվազյանի հետ։ Ցուցարարները փորձ արեցին փակել մայրուղին, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց։

Անասնապահներից մեկը հայտարարեց, որ քիչ առաջ խոսել է Արմավիր մարզի պետի հետ, որն իրենց տեղեկացրել, թե քննարկումներ են ընթանում և 18։00-ին պատասխան է կարող լինել։

Մանրամասները՝ տեսանյութում