Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ: Այն կազմակերպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը շնորհավորել է Հայաստանի նախագահին և ժողովրդին 2019 թվականի հաջողությունների համար և նշել, որ նախագահ Սարգսյանի ներկայությունը միջոցառմանը մեծ նշանակություն ունի համայնքի և առևտրի պալատի անդամների համար:

«Վերջին վեց ամիսների ընթացքում պատիվ եմ ունեցել արդեն չորրորդ անգամ հանդիպել Հայաստանի նախագահին,- իր խոսքում նշել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը։- Նրա տեսլականի, ծրագրերի, իմաստուն մտքերի մասին լսել եմ ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող հանդիպումների կամ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում, այլ նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը, որը տեղի ունեցավ անցյալ տարի: Այդ քննարկման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք լսել նախագահի տեսակետները համաշխարհային խնդիրների, դրանց լուծման վերաբերյալ, մասնավորապես՝ զարգացող երկրների համատեքստում, ինչպես նաև նրա առաջնորդող մտքերը ՄԱԿ-ի Առեւտրի և զարգացման համաժողովի ապագա դերի մասին»:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրենը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույցը կազմելն իրենց վստահելու համար։ Նա նշել է, որ այն կօգնի Հայաստանին բարելավել ներդրումային միջավայրը և համաշխարհային մրցունակ դաշտում լինել առաջնագծում: «Հայաստանում զգալի փոփոխություններ կլինեն, եթե ղեկավարությունը որդեգրի երկիրը տարածաշրջանի համար բիզնեսի հանգույց դարձնելու տեսլականը, ինչպես նաև առաջընթաց գրանցի ՏՏ և արհեստական բանականության ոլորտում՝ լինելով համաշխարհային շղթայի մասնիկ,-ասել է նա։- Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանում ագրոբիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում։ Տեսնելով այդ ներուժը՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը շարունակելու է աջակցել Հայաստանին՝ բարելավել երկրի ներդրումային միջավայրը»:

Մանրամասները՝ այստեղ