Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ հիշում, որ ընդդիմությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ լիներ այնքան ուժեղ, որքան այսօր է․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ենթադրում է, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում խմբկացությունից ներկայացված կլինի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հարցին, թե խորհրդարանական կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն կա՞, օրինակ՝ ՀԱԿ-ը հայտարարում է, որ սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը։

«Այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց պետք է աշխատանքային հանձնաժողովը քննարկի, ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ և դրա արդյունքում կկարողանանք հասկանալ՝ որ կողմն է ծանրակշիռ դիրքերից հանդես գալիս»,- ներկայացնելով իր անձնական կարծիքը՝ ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ արդյոք «սուպերվարչապետական համակարգը» փոփոխության ենթարկվելո՞ւ է, որի մասին նախկինում հայտարարում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը նշեց.

«Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանություններ: Մենք այսօր նման բան չունենք: Մենք ունեինք մի ընդդիմություն, որն իր լիազորություններով սահմանափակ էր, ես երբևէ չեմ հիշում, որ ընդդիմությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է»,-նշեց Լիլիթ Մակունցը։

Որպես օրինակ Լիլիթ Մակունցը բերեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» կողմից ներկայացրած թեկնածուի հաղթանակը, ինչն, ըստ Մակունցի, նախկինում չէր կարող լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։