Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_2717
A A
Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: 

Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ և գյուղատնտեսական սպասարկման 19 կենտրոններ։

Տեղեկացվել է, որ CARD-ը զբաղվում է գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ, որոնք հիմնականում ուղղված են անասնաբուծության, կաթի արտադրության և վերամշակման զարգացմանը, գինեգործությանը, մեխանիզացման ծառայությունների, բանջարաբուծության և պտղաբուծության զարգացմանը, ինչպես նաև ջերմատնային արտադրությանը։ Վերջին նախաձեռնություններից են խոզաբուծության, այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը: 

 

CARD հիմնադրամը համակարգում է նաև ՀՀ-ում գործող 19 գյուղատնտեսական սպասարկման կենտրոնները, որոնք ստեղծված են մարզերում բարձրորակ գյուղատնտեսական ներդրանքները, ծառայությունները, գիտելիքն ու տեղեկատվությունն  ավելի հասանելի դարձնելու համար։ Կենտրոններն ըստ տեղայնության մասնագիտացված են հետևյալ ուղղություններով՝ անասնաբուծություն և անասնաբուժություն, խոզաբուծություն, գինեգործություն և խաղողագործություն, ջերմոցային արտադրություն, բաց գրունտի բանջարաբուծություն, պտղաբուծություն, մանր եղջերավոր կենդանիների անասնաբուծություն: Կենտրոնները գյուղացիներին տրամադրում են նաև ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություններ: Այս ընթացքում կենտրոնների գործունեության արդյունքում վերապատրաստվել են 250 մասնագետներ: 

 

Վարչապետ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով կարևորել  գիտելիքների տարածումը, վերը նշված կենտրոնների ընդլայնման ուղղությամբ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները: Կառավարության ղեկավարն Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարել է ժամանակակից գյուղատնտեսության կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքների տարածման ուղղությամբ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ և ներկայացնել հիմնադրամում առկա գիտելիքների զանգվածային տարածման համապատասխան ծրագիր՝ այն համատեղ կյանքի կոչելու նպատակով: