Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia 17.01.
A A
Սպորտ

ՀՀ շախմատի առաջնություն. Սամվել Տեր-Սահակյանը և Մարիա Գևորգյանը կրկին գլխավորեցին աղյուսակները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող Հայաստանի կանանց 75-րդ և տղամարդկանց 80-րդ առաջնություններում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները:

Կանանց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը վստահ հաղթեց Սիրանուշ Ղուկասյանին և վաստակած միավորների քանակը հասցրեց 5-ի: Միանձնյա առաջատարից ետ չմնացին երկու հետապնդողները՝ Սուսաննա Գաբոյանն ու Աննա Խաչատրյանը, որոնք նույնպես հաղթեցին իրենց մրցակիցներին և պահպանեցին կես միավորի տարբերությունը: Այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ գրոսմայստեր Մարիա Կուրսովան, որը վաստակեց 3 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական:

Հաջորդ, 7-րդ տուրում, Մարիա Գևորգյանը սպիտակներով կհանդիպի Աստղիկ Հակոբյանի հետ: Սուսաննա Գաբոյանի մրցակիցը կլինի ՖԻԴԵ-ի վարպեը Մարիամ Ավետիսյանը, իսկ Աննա Խաչատրյանինը՝ Մարիա Կուրսովան:

Տղամարդկանց առաջնությունում աղյուսակը կրկին սկսեց գլխավորել Սամվել Տեր-Սահակյանը, որն լարված պայքարում հաղթեց Արման Միքայելյանին և վաստակեց 4,5 միավոր: Նրան հաջորդում են չորս շախմատիստ, որոնք ունեն 3,5-ական միավոր: Դրանք են Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին և հավասարվեց նրան, Արամ Հակոբյանը, ով պարտության մատնեց փորձառու Զավեն Անդրիասյանին, և գործող չեմպիոն Արման Փաշիկյանը, որը գեղեցիկ հաղթանակ տարավ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ:

Վաղը կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը սևերով կմրցի իր հետապնդողներից մեկի՝ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Արման Փաշիկյանը կխաղա Շանթ Սարգսյանի հետ, որը դեռ հաղթանակ չի տարել, սակայն պարտություն էլ չի կրել: