Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Իրավիճակը լարված է, մեծ պատերազմի հոտ է գալիս, պետք է ակտիվացնել դիվանագիտությունը․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Մեծ պատերազմի հնարավորությունը շատ բարձր է, ԱՄՆ-ը պատասխան հարված կտա։ Մենք երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարվածության սրմանը։

Հիշեցնենք, որ Բաղդադում ԱՄՆ օդուժի հարվածներից սպանվել էր Իրանի հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանը, Իրանն անցած գիշեր պատասխան հարված հասցրեց Իրաքում ԱՄՆ ռազմաբազային՝ ասելով, թե դա ընդամենը ապտակ էր, իսկ լուրջ հարվածներ դեռ կլինեն։ Ս․Գրիգորյանը նաև հավանական է համարում, որ պատերազմական գործողությունները տեղափոխվեն նաև Իրանի տարածք, հատկապես, որ ԱՄՆ-ն արդեն ասել է, որ կհարվածի այդ երկրի ավելի քան հիսուն օբյեկտներին։ «Եթե պատերազմական գործողությունները Իրանի տարածք տեղափոխվեն, մեզ համար իրավիճակը բարդանալու է։ Կարծում եմ, ԱՄՆ-ն Իրանի տարածքում օբյեկտներ կխոցի։ Իսկ եթե ապակայունացվի Իրանը, մեր սահմանը միգուցե կփակվի»,- ասում է քաղաքագետը։

Ս․Գրիգորյանը նաև չի բացառում, որ Հայաստանում ակտիվանան ԱՄՆ-ի և Իրանի լրտեսական ծառայությունները։ Այստեղ արդեն մեր երկրի հատուկ ծառայությունները՝ հատկապես ԱԱԾ-ն պետք է ուշադիր լինի։

Քաղաքագետը նաև գտնում է, որ Ռուսաստանը կներքաշվի ամերիկաիրանական հակամարտության մեջ ոչ միայն դիվանագիտական դաշտում, այլև ռազմական ներկայությամբ։ Այդ դեպքում իրենից ի՞նչ վտանգ է ներկայացնում Գյումրիում ռուսական ռազմաբազան, որը Իրանի սահմանից շատ հեռու չէ։ «Հուսով եմ, որ ռազմաբազայից ՌԴ-ն առանց ՀՀ համաձայնության որևէ քայլ չի անի։ Մեր կառավարությունը ՌԴ-ին պետք է դիվանագիտական խողովակներով զգուշացնի, որ ռազմաբազայից քայլեր չարվեն»,- պատասխանեց Ս․Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում