Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍերգՂահրաման
A A
Հասարակություն

Բալային համակարգի այս նախագիծը մի քանի քայլ առաջ է այն երկրներից, որոնք ստացված փորձ ունեն․ Սերգեյ Ղահրամանյան (տեսանյութ)

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավար, ճարտարապետ Սերգեյ Ղահրամանյանի խոսքերով ճանապարհային երթևեկության կանոններում բալային համակարգի ներդրման անհրաժեշտությունը կար, և շատ երկրներում ներդրվելով հաջություն է գրանցվել։ 

«Նույնիսկ Ֆրանսիայից և Գերմանիայից այն փորձագետները, որոնք աշխատել են այս նախագծի հեղինակների հետ` իրենց մոտ ունեցած բացերը և թերությունները մատնանշել են։ Եվ այս պահին կարող եմ ասել, որ որոշ առումներով, որոշ դրույթներով, այս նախագիծը մի քանի քայլ առաջ է այն երկրներից, որոնք ստացված փորձ ունեն»,- շեշտեց Ղահրամանյանը՝ հավելելով, որ այն խնդիրները, որոնք որ նկատվել են այլ երկրներում, այս օրինագծում հենց սկզբից լուծում են ստացել։ 

Նա որպես օրինակ նշեց Վրաստանում ներդրված բալային համակարգը: Ըստ ճարտարապետի՝ Վրաստանում որոշակի կոլապս է առաջացել, որովհետև այնտեղ տուգանվում են միայն տեսուչի կողմից արձանագրված խախտումների դեպքում և նկատելի են դարձել որոշ կոռուպցիոն դրսևորումներ։

Խոսելով Գերմանիայում ներդրված համակարգի մասին, խորհրդի անդամն ասաց, որ առկա է մեխանիզմ, ըստ որի, եթե մեքենայի ղեկին եղել է ոչ թե մեքենայի վարորդը, այլ մեկ ուրիշը, ապա տուգանքն ուղարկվում է մեքենայի սեփականատիրոջը։

«Ինքը մատնանշում է ինչ-որ «իքս» անձի տվյալներ, ընդ որում այդ «իքս» անձի տվյալների ճշմարտացիությունը, հավաստիությունն անորոշ վիճակում է։ Իսկ Հայաստանում այդ առումով՝ մի քանի քայլ առաջ է, և միայն փոխադարձ համաձայնությամբ է հնարավոր տուգանքները վերահասցեավորել»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը՝ հավելելով, որ դա իդենտիֆիկացիայի միջոցով է տեղի ունենում՝ կայքում կամ ճանապարհային ոստիկանությունում։

«Ա1+»-ի հարցին, թե Հայաստանի ճանապարհները արդյո՞ք ստեղծում են այնպիսի իրավիճակներ, որ բալային համակարգը լիովին կարողանա օգտագործվել և դիտարկմանը, որ երբեմն վարորդները ստիպված խախտում են անում, որ վթարի չենթարկվեն և ինչ-որ մեկին վնաս չպատճառեն, ՀԿ ղեկավարը պատասխանեց, որ երթևեկության կանոնների տեսանկյունից որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել այս համակարգի ներդրմամբ։

«Հիմնականում վերցվել են այն խախտումները, որոնք որ իրենց մեջ վտանգ են պարունակում, բայց կախված չեն ճանապարհից, լուսավորությունից։ Օրինակ՝ խմածության համար որևիցե ճանապարհի լավ կամ վատ լինելն էական չէ, հեռախոսով խոսելու համար էական չէ, ամրագոտին գցելու համար էական չէ, բարձր արագության համար էական չէ»,- շեշտեց նա։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավարը հավելեց, որ եթե վարորդը խոչընդոտի է հանդիպում երթևեկելիս, ստիպված խախտում է անում և՛ նախկին, և՛ ներկայիս օրենքներով տուգանք նախատեսված չէ։

 

Մանրամասները տեսանյութում