Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իրավունքի հետքերով #19 ՄԻԱՎ-ով ապրող կանայք ընտանիքում բռնության են ենթարկվում. (տեսանյութ)

Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դեկտեմբեր ամսվա տվյալների, Հայաստանում ՄԻԱՎ ունեցող 1141 իգական սեռի ներկայացուցիչ կա։ ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող եվրասիական կանանց ցանցի՝ 2018 թվականին իրականացրած «Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» տարածաշրջանային հետազոտությանը մասնակցած կանանց մեծ մասը նշել է, որ, կարգավիճակն իմանալուց հետո իրենց նկատմամբ բռնության դրսևորման ձևերն ավելացել են։ Հարցմանը մասնակցած կանանց 68,5 տոկոսը նշել է, որ իրենց արգելել են բժշկական կամ որևէ այլ սոցիալական ծառայություն ստանալ։ 42,2 տոկոսը ենթարկվել է տնտեսական բռնության։ 51,2 տոկոսն ապրում է ծայրահեղ սոցիալական պայմաններում։ 13 տոկոսն ամենօրյա հացի խնդիր ունի։ Հայ կանայք հիմնականում վարակվում են իրենց ամուսիններից կամ մշտական զուգընկերներից և շատ հաճախ հենց նրանց, կամ նրանց հարազատների կողմից էլ բռնության են ենթարկվում։ Օրինակ՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը վաստակած գումարը մորն է ուղարկում, իսկ վերջինս գումար չի տալիս հարսին, որ կարողանա բժշկի այցելել և համապատասխան բուժում ստանալ։ Կամ, օրինակ՝ ընտանիքի անդամները չեն ցանկանում, որ կինն այցելի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, այս թեման միշտ վեճի առիթ է հանդիսանում ընտանիքում , և կինն էլ, ընտանիքում անդորրը պահելու համար, հնազանդվում է և զոհում իր առողջությունը։ Բռնության զոհ դարձած ՄԻԱՎ-ով ապրող կանայք խուսափում են ապաստարան գնալ՝ վախենալով խտրական վերաբերմունքից։ Երբեմն էլ՝ ընտանիքի անդամները թույլ չեն տալիս՝ սպառնալով բացահայտել նրա կարգավիճակը։ ՄԻԱՎ-ի փոխանցումը Հայաստանում քրեորեն պատժելի արարք է։ Ըստ «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների՝ «ԴատաԼեքս» դատական-տեղեկատվական համակարգի շտեմարանում համապատասխան հոդվածով դատապարտված տղամարդ չկա, բայց 2 կին կա։ Ելնելով ազգային հոգեկերտվածքից՝ կանայք նպատակահարմար չեն գտնում հաղորդում ներկայացնել իրենց կողակցի դեմ։ Մյուս պատճառը տեղեկատվության պակասն է։