Բացել լրահոսը Փակել լրահոսը
79496533_1415722928591133_8161814244799545344_o
A A
Հասարակություն

«Պետք է դատապարտելի լինի 10-ապատիկ ավելի»․ երեխայի հայրը գլխով հարվածել է բժշկի դեմքին

Նախօրեին «Արաբկիր» բժշկական համալիրում հիվանդ երեխայի հայրը հարվածել է բժշկին։ Միջադեպին անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Չկա որևէ արդարացում նման արարքի։ Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի։

Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ «Արաբկիր» ԲԿ-ն ներկայացրել էր դեպքի մանրամասները։

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին <<Արաբկիր>> Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:

Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:

Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ <<Արաբկիր>> Բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։

Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն»։