Թրամփը երբեք չի խոսել Ցեղասպանության ճանաչման մասին, բայց նրա օրոք Կոնգրեսը ճանաչեց․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ԱՄՆ Սենատը երեկ պատմական բանաձև է ընդունել, որն առաջին անգամ է ընդունվում»,-այսօր Ազգայն ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունմանը, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը ամբողջությամբ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը.
«Մնում է, որ գործադիր իշխանությունը հետևի օրենսդիր իշխանության կամքին, որը, ես կարծում եմ, ժամանակի հարց է»:
Մարուքյանի խոսքերով՝ սա շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ աշխարհի մյուս երկրների պառլամենտներում սկսված և դեռևս ավարտին չհասցված նմանատիպ բանաձևերի ընդունման գործում.
«Հետևանքը միանշանակ քաղաքական է, իրավական ազդեցություն չունի բանաձևը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը՝ Մարուքյանն ասում է՝ Թրամփը այն նախագահն է, ով երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Սա, ըստ Մարուքյանի, հետաքրքիր հանգամանք է:
Մարուքյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է նաև Թուրքիայի պահվածքը, ոովհետև Թուրքիայի պահվածքով է պայմանավորված մեր հաջողությունները Կոնգրեսում․
«Մեծ կռիվ է գնում, և այդ կռվի մեջ մենք մեր խնդիրները առաջ ենք տանում, մենք, բանականաբար, շահող ենք»։
Մարուքյանի համոզմամբ՝ առաջադեմ երկրների ընդունումը իր ազդեցությունը ունենում է Թուրքիայում կարծիքի ձևավորման վրա, և թուրքական հասարակությունում ևս մեկ անգամ սկսվում են քննարկումներ, բանավեճեր։ «Կա կարծիք, որ նման բանաձևերը ազդում են Թուրքիայում ազգայնականության վրա և հակառակ էֆեկտն են ունենում, բայց ես վստահ չեմ կարող ասել, որ Թուրքիայի ներսում սա բացասական ազդեցություն է ունենում»։